ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաքում: Այս մասին երկուշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում», - ասված է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին պետության ղեկավարի մասնակցության արդյունքներով հաղորդագրության մեջ:
Նստաշրջանը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Դրա անցկացման մասին որոշումն ընդունվել է Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին։ Առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցերը՝ այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են ներկայումս վեց պետություններ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին Տաշքենդում։ Այս տարի կազմակերպությունը նախագահում Է Տաջիկստանը։