Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Թրեյսի
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Լին Թրեյսին:
Ինչ վերաբերում է անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին, Թրեյսին նշել է․ «Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»:
Դեսպանը ընդգծել է, որ խնդիրների լուծումն անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում: