30.11.2024
Բաքուն մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ
02.12.2021
Բաքուն մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում և շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով, իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ «Անշուշտ՝ Ադրբեջանի գործողությունները խախտում են բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները», - ասել է Միրզոյանը։ Ուժի կիրառման դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանը, Հայաստանի ԱԳ նապարարի բնորոշմամբ, ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլ մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց: «Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը, այլև մի շարք դեպքերում, վերջինը՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ տարածքի վրա հարձակման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ գերեվարել են հայ զինծառայողների: Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները։ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է», - նշել է նա: Այնուհետև Միրզոյանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ միջոցներ ձեռնարկելու համար։ Նա բացառել է ուժի կիրառումը որպես խաղաղության հասնելու ճանապարհ՝ ընդհանրապես, և մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։ «Ուժի կիրառումը կարող է որոշակի ժամանակով ապասառեցնել հակամարտությունները, սակայն դրանք նորից կսառեցվեն, եթե չլինի բանակցված և խաղաղ լուծում։ Պատերազմը կարող է լինել միակողմանի ընտրություն, սակայն խաղաղությունը մշտապես պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը: Հայաստանը պատրաստ է բանակցությունների միջոցով հասնելու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության։ Որքան շուտ Ադրբեջանը ձեռնամուխ լինի խաղաղ գործընթացի վերսկսմանը, այնքան կավելանան մեր տարածաշրջանում համապարփակ և տևական կարգավորման հասնելու հնարավորությունները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը։ Հաշվի առնելով վերոնշյալը` Հայաստանը հետագայում ևս կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությամբ», - հայտարարել է նախարարը։