ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին խաղաղ համաձայնագրի ստորագրման հարցում
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է կազմակերպության պատրաստակամության մասին՝ աջակցելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Այդ մասին նա հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար»,- ասել է Ռաուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով, համատեղ ջանքերով հնարավոր է առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, անհայտ կորածների որոնման, պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցում։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է նաև իր ներդրումն ունենալ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում, քանի որ կազմակերպությունն այս ոլորտում մեծ փորձ ունի»,- հավելել է Ռաուն։
VERELQ-ը հիշեցնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով կլինի Երևանում։