5.08.2025
Փաշինյանի և Էրդողանի հանդիպում կարող է տեղի ունենալ. Ռուբինյան
29.09.2022
Փաշինյանի և Էրդողանի հանդիպում կարող է տեղի ունենալ. Ռուբինյան

Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Պարոն Ռուբինյան, ի՞նչ ակնկալիքներ կան մի քանի օրից Պրահայում էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից կամ այն ի՞նչ օրակարգով է լինելու: Ռուբեն Ռուբինյան. - Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել: «Ազատություն». - Փակուղի չի՞ մտել, վերջին անգամ Քըլըչի հետ երբ եք հանդիպել, կարծես ամիսներ են անցել: Ռուբինյան. - Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է: «Ազատություն». - Մինչև ե՞րբ: Ռուբինյան. - Չկա ժամկետ: «Ազատություն». - Անժամկետ, այսինքն՝ այն, ինչ պայմանավորվել եք, դեռ թղթի վրա է: Ռուբինյան. - Եվ դա պետք է իրագործվի, որովհետև ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու: «Ազատություն». - Պարոն Ռուբինյան, մյուս կողմից Անկարան անթաքույց փորձում է ցույց տալ, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, գործադրել այդ ջանքերը: Երևանը այդ ձևաչափն ընդունելի կհամարի՞, եթե Էրդողանը նման բան առաջարկի: Ռուբինյան. - Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում: