ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արցախում ծավալվող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին։ Այս մասին նա հայտնել է թվիթերի իր էջում: «Ես մշտական կապի մեջ եմ պարոն Կլուգեի հետ և պարբերաբար տեղեկացնում եմ նրան իրավիճակի մասին»,-նշել է նա: Late last night, I had a conversation with @hans_kluge , @WHO Regional Director for Europe, and briefed him about the humanitarian crisis unfolding in #Artsakh. I am in constant contact with Mr. Kluge and updating him about the situation regularly. — Anahit Avanesyan (@AnahitAvanesian) December 16, 2022 VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ «բնապահպանական պատճառաբանություններով»։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով գործնականում շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։ Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախից դեպի նշված բնակավայրեր սննդամթերքի, մասնավորապես՝ հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներ չեն իրականացվում։ Հայաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում «պարենային և հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի» մասին և իրավիճակը որակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, ըստ որի՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է նրա երկայնքով տեղաշարժի անվտանգությունը։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը։ Արդյունքում Արցախում որոշում է կայացվել փակել դպրոցները։ Դեկտեմբերի 16-ին Արցախում գազամատակարարումը վերականգնվել է: