23.11.2024
ՄԻՊ-ը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը
prev Նախորդ նորություն

Ալիևը երբեք չի ասում, թե ճանաչում են Հայաստանի 29, 8 հազար քառակուսի կիլոմետրը. Գրիգորյան

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - այսօր Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի՝GlobSec-ի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:


«Հստակ է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի հայտարարությունը, օրինակ, հիշատակում էր Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքները։ Մի մակարդակում մենք նման հայտարարություններ ենք լսում, մյուս մակարդակում Ադրբեջանը, անձամբ նախագահ Ալիևը երբեք չի ասում, թե ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարը երկու օր առաջ՝ կիրակի օրը հայտարարեց՝ «մենք ինքներս կարող ենք գծել սահմանը»։ Ինչ-որ առումով սա Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիք է՝ ընդունել Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները կամ էլ նրանք սահմանը կգծեն, որտեղ ցանկանան», - դիմելով քննարկման մասնակիցներին՝ նշում էր Գրիգորյանը՝ պնդելով, որ Բաքվից հնչող նման հայտարարությունները հայկական կողմին չմտահոգել չեն կարող։


ԱԽ քարտուղարի խոսքով՝ պաշտոնական Երևանի գլխավոր նպատակը տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելն է. - «Նիկոլ Փաշինյանի թիմը խաղաղություն հաստատելու մանդատը ստացել է 2021-ի ընտրությունների ընթացքում, և հայ հանրությունը աջակցում է խաղաղության հաստատմանը»:


Հիքմեթ Հաջիևը այսօր բավական մանրամասնորեն ներկայացնում էր վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները՝ հավելելով, որ այդ հանդիպումների արդյունքներից ելնելով Բաքվում որոշակի դրական սպասելիքներ են ձևավորվել:


«Մենք լավատեսության որոշակի տարրերով ենք շարժվում դեպի քիշնևյան հանդիպումը։ Որոշակի սպասելիքներ ունենք։ Հունիսին տեղի է ունենալու արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է խաղաղության պայմանագիրը», - հայտարարում էր Հաջիևը։


Այսօրվա քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ այդ հարցը պետք է քննարկել առանձին՝ ուղիղ բանակցությունների ընթացքում և միջազգային հանրության ներգրավմամբ։


«Մենք ասում ենք՝ եկեք քննարկենք անվտանգությունն ու իրավունքները։ Կանխորոշել ոչ թե այդ բանակցությունների ելքը, այլ՝ գործընթացը։ Մեր ցանկությունն է տեսնել այն միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ստեփանակերտն ու Բաքուն քննարկում են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները», - նշում էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։