21.08.2026
Լուսանկարը` mil.am
17.08.2026
Երևանն ու Նյու Դելին քննարկել են համատեղ ռազմատեխնիկական ծրագրերն ու մարտահրավերները

Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են խորացնել ռազմավարական գործակցությունը պաշտպանական ոլորտում։ Երևանում կայացած բարձրաստիճան հանդիպումների առանցքում ռազմատեխնիկական համատեղ ծրագրերն են ու տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է նախօրեին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակն ու զարգացման դինամիկան: Բանակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են երկու պետությունների միջև ռազմական և հատկապես ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հրատապ հարցերի շուրջ: Երկու երկրների միջև պաշտպանական կապերի ակտիվացումը կրում է համակարգված բնույթ. դեռևս 2025 թվականի վերջին կողմերը ստորագրել էին 2026 թվականի համագործակցության ընդարձակ ծրագիր, որը ենթադրում է փորձի փոխանակում, մարտական պատրաստության և ռազմատեխնիկական նախագծերի իրագործում, ռազմական կրթության զարգացում, ինչպես նաև փորձագիտական ու բարձրաստիճան ինտենսիվ փոխայցելություններ: