18.04.2026
Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք Noble Partner-2018 զորավարժություններին
30.07.2018
Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք Noble Partner-2018 զորավարժություններին

Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», - ասաց ՊՆ մամուլի քարտուղարը, հայտնում է «Արմենպրես»-ը։ Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինիքի գործընկեր երկրներ: Այնուհետեւ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ հատուկ նշելով, որ այդ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ, ասված է հաղորդագրությունում: "Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով: Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով: 2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում: