Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում: «ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ համայնքի ընդգրկվածությանն ու դերակատարությանը վերաբերող հարցեր: Նիկոսիայի քաղաքապետի խոսքով՝ հայ համայնքի կենսագործունեությունը և ակտիվությունը համարվում է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասը: Նա հավելել է, որ հայկական մշակույթը Կիպրոսի մշակութային ամբողջականության դասական ուղղություններից է: Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր: