Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են սինխրոն գործել Ղարաբաղի հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է եվրոպական մայրցամաքում կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցերի քննարկումը։ Այդ համատեքստում առաջնահերթ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծերին եւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրին, որոնք փոխանցվել են համապատասխան հասցեատերերին, այդ թվում՝ ֆրանսիական կողմին, եւ այնուհետեւ հրապարակվել են», - ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել է նաև ներուկրաինական հակամարտության կարգավորումը և Մինսկի պայմանավորվածությունները կատարելու Կիևի դժկամությունը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Կիեւի իշխանությունների կոնկրետ քայլերից է կախված նաեւ «նորմանդական ձեւաչափով» նոր գագաթաժողովի անցկացման հնարավորությունը:
Բացի այդ, պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման կապակցությամբ: Նշվում է, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան սինխրոն կգործեն։