Իրանի Մեջլիսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 21-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Իրանից ժամանած պատվիրակության անդամները, որոնց թվում էին նաև Իրանի Մեջլիսի երկու հայազգի պատգամավորներ Արա Շահվերդյանը և Ռոբերտ Բեգլարյանը, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: