25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, գրանցվել է 29 մահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսի բուժումը չպատվաստվածների համար կարող է դառնալ վճարովի

Առողջապահության նախարարությունում քննարկվում է փետրվարի 1-ից կորոնավիրուսային հիվանդության բուժումը չպատվաստվածների համար վճարովի դարձնելու հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:


Քննարկվող հարցի վերաբերյալ այլ մանրամասներ առողջապահության փոխնախարարը չի ներկայացրել, սակայն թեման Հայաստանում նոր չի քննարկվում:


Մասնավորապես կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումներին:


«Մարդիկ կան, որոնք շարժում են սկսել կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու համար։ Ասում են՝ ինչի պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և գնան անվճար բուժվեն։ Եվ ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի բարձր է հնչելու»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նշենք, որ Հայաստանում մեկ պացիենտի ստացիոնար բուժումը կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից, ըստ բաց աղբյուրում ներկայացրած հաշվարկների, կազմում է նվազագույնը 700․000 ՀՀ դրամ։


Դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 765 դեպք, որոնցից 326 304-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 456 948 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 7 136 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 845 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 477 է: