ՔՊ-ն պատրաստ չէ ընդդիմության հետ քննարկել գաղտնի տեղեկատվություն պարունակող հարցեր
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն պնդմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը խուսափում է որոշակի հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից՝ հիշեցրել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետի այն դիտարկումը, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացում Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս ունենալու գործնական եւ տեսական հնարավորություն չի եղել:
Եվ որ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը տարածքների վերադարձն էր առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման: Վարչապետը նաեւ առաջարկել է ընդդիմությանը պատասխանել, թե նրանք ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկեին, որպեսզի այդ իրավիճակում խուսափեին պատերազմից:
«Ես ցանկանում եմ արձանագրել, որ մինչեւ այս պահը ընդդիմությունից պատասխան չունենք»,-ասել է Էդուարդ Աղաջանյանն ու հավելել. «Սա խոսում է այն մասին, որ բոլոր այս թեմաների վերաբերյալ ընդդիմության պնդումներն ու հարցադրումները բացարձակապես այլ նպատակներ ունեն եւ կարեւորագույնը՝ հանրությանը մոլորության մեջ գցելն է»:
Նա նաեւ հիշեցրել է, որ նույն հարցուպատասխանի ժամանակ վարչապետն առաջարկել է փակ ձեւաչափով հանդիպում ունենալ ընդդիմադիր գործընկերների հետ որոշակի գաղտնիություն պարունակող հարցերի շուրջ, բայց ընդդիմությունն այդպես էլ չի ընդունել հանդիպման հրավերը: