25.11.2024
Երևանում կբացվի «Hard Rock Cafe»
prev Նախորդ նորություն

Աննպատակ ու անհեռանկարային. ՔՊ-ն՝ Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագծի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ստացել է ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջվում է իր հրաժարականը:


Անդրադառնալով նախագծին, «Հայաստան» խմբակցությունն քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ առաջարկը կրում է իրավաքաղաքական բնույթ՝ ըստ այդմ վերաբերմունք է ցուցաբերվում ԱԺ նախագահի նկատմամբ, որը չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները, քանի որ չի համապատասխանում մի շարք չափանիշների:


«ԱԺ նախագահը միջազգային հարթության մեջ անում է հայտարարություններ, որոնք ռիսկային են արտաքին քաղաքականության համար: Կամ նրա հայտարարությունը գերիների մասով: Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերին լարվածություն է ստեղծում, չի կարևորում կարգուկանոնը խորհրդարանում, քաղաքական ճիշտ մշակույթը, ներկայացուցչական ժողովրդավարության հիմնարար արժեքները»,- թվարկեց Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:


Միևնույն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենք հավանական են համարում այն, որ նախագիծը չի ընդունվի:


Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց՝ այդ նախաձեռնությունն աննպատակ է ու անհեռանկարային և ընդդիմությունը որքան էլ փորձի "էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնել, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու":


Բացի այդ, ՔՊ-ականը նշեց, որ շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու, քան ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի նախագիծը: