Նախագահի տիկինը Կատարում քննարկեց ՀՀ գիտամշակութային շրջանակների հետ համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան (National Museum of Qatar): Նախագահի տիկնոջն ուղեկցել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը։
Կատարի ազգային թանգարանի առաքելությունն է ներկայացնել Կատարի և նրա ժողովրդի զարգացման պատմությունն ու ավանդույթները: 11 տարբեր սրահներում նորարարական մոտեցումներով ու տպավորիչ լուծումներով ցուցադրված են Կատարի Պետության և ժողովրդի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու ազգային ավանդույթները։
Թանգարանի հավաքածուներում առկա է շուրջ 8000 ցուցանմուշ, այդ թվում՝ հնագիտական արտեֆակտներ, գործվածք, տարազներ, զարդեղեն, դեկորատիվ արվեստի նմուշներ, պատմական փաստաթղթեր: Հատուկ սրահներ են նվիրված երկրի բնաշխարհին ու կենդանական աշխարհին։
Տիկին Սարգսյանը Կատարի թանգարանների գործադիր տնօրեն Ահմադ Մուսա Ալ-Նամլայի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել Կատարի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին:
Շրջայցից հետո տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ հյուրընկալության, գեղեցիկ ու հետաքրքիր ցուցադրության համար և իր տպավորությունների մասին գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։ Նա թանգարանի ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի գիտամշակութային հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները, կարևորել փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը: