23.11.2024
Ձևավորելու ենք լիովին նոր ստորաբաժանումներ. Բադասյանը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը շարունակելու է տեղեկացնել անցյալում կատարված ցեղասպանությունների մասին. ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարություն է տարածել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դեկտեմբերի 9-ին ընդունման մասին՝ նշելով, որ ՀՀ-ն հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին:


«1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:


Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը»՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:


Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:


Չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:


Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը:


2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:


Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:


Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:


Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը:


Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները:


Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին», - ասված է հայտարարության մեջ: