Վրաստանը դեկտեմբերի 10-ի "3+3" ձևաչափով հանդիպմանը ներկայացված չի լինի. ԱԳ նախարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ այսպես կոչված 3 + 3 ձևաչափով հանդիպմանը Վրաստանը ներկայացված չի լինի:
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը չի դիտարկի այս ձևաչափին մասնակցելու հարցը, հայտնում է 1tv.ge-ը:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հստակ դիրքորոշում է հայտնել «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ վերջերս կայացած խորհրդարանական լսումների ժամանակ այդ հարցի շուրջ ելույթ է ունեցել արտգործնախարարը: Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցելը և հետևաբար, դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը Վրաստանը ներկայացված չի լինի»,- հայտնել են ԱԳ նախարարությունից։
Այսպես կոչված 3 + 3 ձևաչափով առաջին հանդիպումը նախատեսված է վաղը Մոսկվայում։ Տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։ Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Վրաստանը մասնակիցների ցուցակում չկա: