Խաղաղապահները ԼՂ-ում աշխատում են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման համար. Գերասիմով
Ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակներում այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ հումանիտար այլ խնդիրների լուծման վրա:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր Շտաբի պետը Վալերի Գերասիմովը, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները:
«Բացի հրադադարի հսկողությունից եւ բոլոր ռազմական գործողություններից, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման վրա: Ընդ որում՝ հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները», - ասել է Գերասիմովը՝ հինգշաբթի օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների առջեւ կայացած ճեպազրույցում:
Այդ խնդիրներից նա նշել է «տեղանքի եւ օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձը, զոհվածների մարմինների որոնումը, հումանիտար բեռների առաքման անվտանգության ապահովումը եւ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»:
«Ռուսական զինված ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Ավելի քան մեկ տարի առաջ հաջողվել է կանգնեցնել արյունահեղ պատերազմը եւ պայմաններ ստեղծել վերականգնման, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Լարվածության թուլացման եւ հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով ռուս խաղաղապահների կողմից կազմակերպվել է հերթապահություն դիտակետերում եւ խաղաղապահ գործողության անցկացման շրջանի պարեկություն», - ասել է Գերասիմովը: