ԱԺ նախագահի արդյունավետությունը սահմանափակվում է պետբյուջեի հաշվին հարստացմամբ. պատգամավոր
Գործող իշխող վերնախավը, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, ընդդիմություն եղած ժամանակ անընդհատ մեղադրում էր ընդդիմախոսներին բյուջետային միջոցների հաշվին հարստացնելու մեջ, սակայն իշխանության գալուց երեք տարի անց ոչ մի փաստ ապացուցված չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ կամ գործող իշխող թիմը ստել է՝ նման մեղադրանքներ ներկայացնելով, կամ էլ հիմա զբաղված է նույն գործով։ Պատգամավորն ընդգծեց, որ իշխանափոխությունից հետո զգալիորեն բարելավվել է Ալեն Սիմոնյանի, նրա ընտանիքի անդամների և նրա շրջապատի ֆինանսական վիճակը: «Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերության տնօրեն է դարձել 2020 թվականի հուլիսին, որից հետո այդ ընկերությունը երջանիկ պատահականությամբ սկսել է շահել մրցույթները եւ հարստանալ երկրի պետբյուջեի միջոցների հաշվին», - հայտարարել է Մանուկյանը՝ հարցնելով, թե ինչի հետ է կապված այդ «երջանիկ պատահականությունը»:
«Օրերս թուրքամետ ռեսուրսին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել էր, որ իր դեմ արշավ է սկսվել, քանի որ նա արդյունավետ հանդիպումներ է ունենում միջազգային գործընկերների հետ եւ փայլուն հարաբերություններ է հաստատել, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Որքանով են այդ հարաբերությունները «փայլուն» ցուցադրել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որում նրան մեղադրել են գոյություն չունեցող «Լավրովի ծրագրին» հղում անելու մեջ։ Դա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ դարձավ», - հայտարարեց Մանուկյանը։
«Փայլուն և արդյունավետ Սիմոնյանի մոտ ստացվում է միայն շահել ասֆալտի տենդերներ, պետական բյուջեի հաշվին հարստացում և նոր ծառայողական մեքենա ձեռք բերել նույն պետբյուջեի հաշվին», - ասաց Մանուկյանը:
Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մանուկյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է: «Ես կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները պետք է զբաղվեն այդ հարցով և ճշտեն, թե արդյոք տիկին Մանուկյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը»,-ասաց նա: