Ընդդիմությունը չի հավատում Իշխանասարից ադրբեջանական զինուժի դուրսբերման մասին լուրերին
Ընդդիմությունում չեն հավատում Իշխանասարից ադրբեջանական զինուժի դուրսբերման մասին լուրերին։ Գործող իշխանության օրոք ադրբեջանական կողմը ոչ մի ուղղությամբ չի գնա զորքերի հետքաշմանը ոչ մի միլիմետրով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողներին ասաց "Հայաստան" խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։
Նա նշել է, որ հստակ տվյալներ չունի այդ հարցի վերաբերյալ եւ խորհուրդ է տալիս դիմել ՊՆ-ին, այլ ոչ թե հենվել գյուղի ղեկավարի ասեկոսեների եւ ենթադրությունների վրա: Հակոբյանը ենթադրել է, որ լուրերն առաջացել են այն պատճառով, որ եղանակային պայմանների պատճառով ադրբեջանցի զինվորականները թաքնվում են, եւ դրանք պարզապես չեն երեւում:
Պատգամավորը նշել է, որ ադրբեջանական կողմը ոչ պատճառ, ոչ էլ առիթ ունի, որպեսզի ապահովի զորքերի դուրսբերումն ինչ-որ տեղ:
«Իսկ ինչ է տեղի ունեցել Սոչիի հանդիպման ժամանակ, ինչը կարող էր ադրբեջանական կողմին դրդել նման քայլի։ Ոչինչ: Նրանք հերթական անգամ համոզվեցին, որ գործ ունեն թույլ ու «անատամ» մարդու հետ», - հայտարարել է նա: Լրագրողների դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը կարող էր նման քայլի գնալ ռուսական կողմի պնդմամբ, Հակոբյանը նշեց, որ նման տեղեկություն չունի: