24.11.2024
Ընդդիմությունը չի հավատում Իշխանասարից ադրբեջանական զինուժի դուրսբերման մասին լուրերին
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում է. հանդիպելու է Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ դեպտեմբերի 1-3 պատվիրակություն է գործուղվել Մոսկվա` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին, Երկրորդ Եվրասիական համագումարին, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակվել է e-gov.am-ում:


Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը: Պատվիրակության կազմում կան ներկայացուցիչներ ԱԱԾ-ից և ՊՆ-ից:


«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին», - ասված է որոծման մեջ:


VERELQ-ի տեղեկություներով այսօր նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Այժմ պարզ չէ, արդյոք այդ հանդիպման արդյունքով կընդունվի որևէ հայտարարություն, թե ոչ:


Սահմանազատում և ապաշրջափակում


Նախօրեին, նոյեմբերի 30-ին, «Ալիքմեդիա» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական հավաստի աղբյուրներին, հայտնել էր, որ դեկտեմբերի առաջին օրը/օրերին Մոսկվայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները:


Համաձայն հրապարակման փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից բացի Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու է Հայաստանից բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա: «Այսպիսով՝ տեղի է ունենալու աշխատանքի բաժանում երկու հիմնական ուղղություններով՝ ճանապարհներ-կոմունիկացիաներ-անկլավներ, եւ երկրորդ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատում-սահմանագծում», - ասված է հրապարակման մեջ:


Նշվում էր նաև, որ հայկական կողմին հաջողվել է օրակարգից հեռու պահել միջանցքի մասին թուրք-ադրբեջանական պնդումները: «Բաքուն, փոխարենը, փորձում է առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերում ներառել Հայաստան-Ադրբեջան սահմաններին եւ Արցախին վերաբերող կետ», - գրում է հոդվածի հեղինակը:


Ի՞նչ կատարվեց Սոչիում


Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, որի ավարտին ընդունվել է եռակողմ հայտարարություն:


Նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի բանակցություններից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ հաջողվել է համաձայնության գալ երեք առանցքային հարցերի շուրջ։


Դրանցից մեկն, ըստ Ռուսաստանի նախագահի, վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանն ու տրանսպորտային կապերի բացմանը, որի մանրամասները կհայտարարեն այս հարցով զբաղվող փոխվարչապետները հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ։


Բացի այդ, ըստ Պուտինի, համաձայնություն է ձեռք բերվել նաեւ հումանիտար հարցերով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համար մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։