Ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը ՀՀ մի շարք երկրներից. նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ նոր` «Օմիկրոն» շտամով պայմանավորված մինչև օրվա վերջ Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի: Մասնավորապես, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը Հայաստանի Հանրապետություն մի շարք երկրներից:
Դրանք են՝ Հարավային Աֆրիկայի Հանարպետություն, Բոտսվանայի Հանրապետություն, Լեսոթոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի Հանրապետություն, Մադագասկար և Տանզանիա:
"Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից տարածման ակտիվությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «Օմիկրոն» շտամն ունի փոխակերպման բարձր աստիճան. այն 50 մուտացիա է կրում, որից 30-ը` սպայկային սպիտակուցում",- ասաց Ավանեսյանը:
Ընդհանուր առմամբ նա նշեց, որ COVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ` մահվան դեպքերը նվազում են 2-3 շաբաթ անց:
"Առողջապահության նախարարության գնահատականներով` առաջիկայում մահվան դեպքերը կնվազեն",- հավելեց նախարարը: