24.11.2024
«Խիստ մտահոգիչ» և «անարդյունավետ». Հայաստանում դանդաղում է տնտեսական աճը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նաիրա Զոհրաբյանը ՌԴ-ում Արցախի պաշտոնական ներկայացուցի՞չ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ռուսական կողմի միջնորդությամբ առաջարկ է արվել ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ նշանակվել Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում: Թե արդյոք ընդունել է առաջարկը, թե` ոչ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից: –Կպատասխանեմ կարճ` եղել են քննարկումներ եւ ընդամենը, ոչ ավելին: Այս պահին, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, կապ պահելով միջազգային բոլոր կառույցների, այդ թվում մեր ռուսաստանյան գործընկերների հետ` ակտիվորեն զբաղվում եմ ռազմագերիների, տեղահանված արցախիցների իրավունքների եւ Արցախի բռնազավթված հատվածի մեր մշակութային կոթողների պաշտպանության խնդիրներով, ինչը շատ կարեւոր եմ համարում: Ամեն դեպքում, լինել Արցախի պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ-ում, իրենից ենթադրում է արցախյան պաշտոնական տեսակետների արտահայտում: Պատկերացնո՞ւմ էիք Ձեր աշխատանքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: –Այս հարցը իմաստ կունենար այն ժամանակ, եթե որոշում կայացված լիներ, բայց նման որոշում այս պահին չկա: Կարծում եմ`այս փուլում այն աշխատանքը, որ ես անում եմ Հայաստանում, անչափ կարեւոր է եւ արցախանպաստ: Այսօր պետք է հասկանանք, որ ստեղծված ծանրագույն իրավիճակում այն, ինչ մնացել է Արցախից, կարող է լինել համահայկական համախմբման նոր գաղափար: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է անենք առավելագույնը` Արցախի այդ փոքր հատվածով նաեւ Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում՝ ասելով, որ հենց այդ հարցերն են նախատեսում այսօր քննարկել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Նախորդ օրն էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ: Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը եւս քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հետաքրքիր է նաեւ հայ-թուրքական օրակարգը. Երեւանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել, թեեւ Անկարան ամենաբարձր մակարդակով վերջին ամիսներին ներկայացնում է Երեւանին իր նախապայմանները: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կտրուկ փոփոխություններ հանդիպումից հետո չի սպասվում: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ռեգիոնում կողմերի միջեւ, հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ գլխավոր խնդիրները լուծելու տեսլականը: «Բեկում չի լինի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն անընդհատ նախապայմանների լեզվով են խոսում: Նրանք կառուցողական դաշտ չեն տեղափոխվում եւ փորձում են իրավիճակից քաղել քաղաքական մաքսիմալ արդյունքները»։ Նրա խոսքով՝ միակ հարցը, որի շուրջ հնարավոր է քիչ թե շատ համաձայնության հասնել, դեմարկացիայի-դելիմիտացիայի հարցն է, որը կարող է սկսվել այս հանդիպումից հետո»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը խոսել է ոչ միայն Սյունիքով տրվող միջանցք-ճանապարհի մասին, այլեւ, ըստ մեր աղբյուրի, Արցախի մասին է սենսացիոն հայտարարություն արել՝ հորդորելով համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն ադրբեջանական է, պարզապես երեսուն տարի մենք մեզ խաբել ենք, ու վերջը պետք է լիներ այն, ինչ եղավ։  Մենք փորձեցինք մի քանի համայնքապետերի ուղիղ հարցնել այս մասին, սակայն թե՛ Տաթեւի համայնքապետը, թե՛ Գորիսի փոխքաղաքապետը հարցը լսեցին ու չցանկացան մեկնաբանություն տալ։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, Փաշինյանը սյունեցի համայնքապետերին ուղիղ ասել է, որ չենք կարող ճանապարհները չապաշրջափակել, Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ չտալ, քանի որ Ալիեւը դրան կփորձի հասնել ռազմական ճանապարհով, իսկ մենք դրան դիմագրավելու ռեսուրս չունենք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ինտենսիվ աշխատում է ընդդիմության վրա։ Խնդիր է դրված ԱԺ ընդդիմությունից ինչքան հնարավոր է ձայներ պոկել։ Աշխատում են բոլոր նրանց վրա, ովքեր ունեն բիզնեսներ, որը կարելի է խլել, ում նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, կամ պաշտոնյա հարազատներ ունեն։ Ամենաինտենսիվն աշխատում են «Հայաստան» դաշինքի՝ բանտում գտնվող անդամների վրա․ Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան։ Առաջարկում են ազատություն՝ խմբակցությունից դուրս գալու դիմաց։ Մեզ ասացին, որ նման ճնշումների հետեւանք էր նաեւ Դավիթ Սեդրակյանի՝ մանդատը դնելը։ Իհարկե, իշխանությունն ուզում է, որ մանդատը չդնեն, միայն խմբակցությունից դուրս գան, բայց սցենարը մինչեւ վերջ չի իրականանում։ Սեդրակյանի դեպքում թիրախը եղել է հոր բիզնեսը՝ բենզա-գազալցակայաններ։ Սահմանին լարվածությունը մի փոքր մեղմել է ընդդիմության նկատմամբ ճնշումները, սակայն շարունակում են աշխատել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման սկիզբը հայտարարած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 9-ից հետո զանգվածային միջոցառումներ չի նախաձեռնել, փողոցային պայքարի դուրս չի գալիս։ Դաշինքից մեզ ասացին, որ նոյեմբերի 22-ից սկսած, ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ն քաղաքացիները կարող են այցելել իրենց գրասենյակներ եւ կամավորագրվել։ «Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության շարժման հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները: Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում եւ համակարգված աշխատանք պահանջող պայքար է»,- տեղեկացրին դաշինքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դաշինքում, այսպես կոչված, «գույքագրման» աշխատանքներ են իրականացվում, ուզում են հասկանալ, թե ինչ ունեն՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական ռեսուրսների առումով, որպեսզի գծեն պայքարի նոր սցենար։ Դաշինքում հասկացել են, որ հունիսի 20-ից հետո ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության նկատմամբ հիասթափությունը մեծացել է, ուստի պետք է «կշռել» ունեցածը, հատուկ տեխնոլոգիաներ կիրառել ու մեկ անգամ, բայց վճռական պայքարի դուրս գալ։ Իսկ թե դա մոտավորապես ինչ ժամկետներ է ենթադրում, մեր աղբյուրը կրկնեց՝ «շատ սպասեցնել չենք տա, նոր տարուց հետո ակտիվ գործողություններ կլինեն»։


«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ ու նրա վարած քաղաքականության հանդեպ ունեմ ամենաքննադատական մոտեցումները, բայց չենք պատրաստվում փողոց դուրս գալ ինչ-որ փաստաթղթի ցուցադրություն պահանջելու, դա առնվազն լուրջ չէ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդադառնալով «Ազատագրական շարժման» պահանջներին, նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցությունից Լեւոն Զուրաբյանը: Հարցին՝ իսկ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս կգա՞ն, մեր զրուցակիցը խուսանավեց պատասխանել. «Գիտեք, նման հարցերը հեռախոսով քննարկելուն դեմ եմ, շնորհակալություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձն էր: Նա 65-ամյակը Երեւանում չի նշել, ավանդաբար այս օրերին արտերկիր է մեկնում, ամենից հաճախ` Դուբայ, որտեղ նեղ ընտանեկան կամ ընկերական միջավայրում տոնում է տարեդարձը: Իսկ նրա թիմն այս օրերին մարզերում քարոզարշավ է իրականացնում` պատրաստվելով դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին: Իհարկե, բոլորը մեկ մարդու նման զանգել-շնորհավորել են Գագիկ Նիկոլայիչին, ոմանք Ֆեյսբուքում էին շնորհավորանքներ գրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումներով: Ընտրատեղամասերում այդ սարքավորումների սպասարկումն ապահովելու համար նախապես պայմանագրեր են կնքվում մասնագետների հետ, որոնք ԿԸՀ դասընթացներում լիցենզիա են ստացել։ Ամեն ընտրությունից առաջ ԿԸՀ-ն այդ մասնագետների համար դասընթացներ է կազմակերպում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, դասընթացներ չեն կազմակերպվել, նախորդ ընտրություններին աշխատած մասնագետների հետ չեն կապվել։ Լուրեր կան, որ ԿԸՀ-ն իր մասնագետներին է «գործուղելու» աշխատելու։ Եթե այդպես լինի, կնշանակի ընտրությունները կեղծելու հրահանգ են ստացել, հակառակ դեպքում հին, փորձառու մասնագետներին կհրավիրեին։ ԿԸՀ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ մեր զանգերին չպատասխանեցին»: 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կարծես թե նշմարվում են հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են իշխող ուժի աննախադեպ պարտություններին ՏԻՄ ընտրություններում: Հիմնական պատճառը տեղերում թույլ թեկնածուներն են, սակայն հատկապես Վայք խոշորացվող համայնքում իշխող կուսակցության թեկնածուի անցյալը խիստ տպավորիչ է: Բանն այն է, որ ՔՊ թեկնածու Մխիթար Մաթևոսյանը Վայքի տարածաշրջանում հայտնի է որպես «կրիմինալ» անցյալ ունեցող անձ, ով լինելով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»:


Սա դեռ ամենը չէ, Վայքում մեր կողմից անցկացրած հարցախույզի ընթացքում տեղացիները հայտնեցին, որ Մխիթարը 2000 ակաների սկզբներին շատ ծիծաղելի ու մինչև հիմա հիշվող գործով է անցել, երբ մեղադրվել է այն ժամանակ Վայքում դատավոր Թոֆիլ Սամսոնիչիի տան շինարարական աշխատանքների ժամանակ կաֆել-մետլախի գողության մեջ: Մեր աղբյուրները պնդում են, որ Վայքում իրավիճակը շատ մոտ է Կապանին ու Գորիսին, որտեղ ավելացել են սահմանամերձ գյուղերը և մարդիկ ձգտելու են իրենց խոշորացված համայնքում տեսնել ոչ իշխանական, քիչ թե շատ մաքուր անցյալ ունեցող որևէ մեկի ու չեն քվեարկելու սեփական ընտանիքը Երևան տեղափոխած ու Վայքը որպես խոպան դիտարկող Մխիթար Մաթևոսյանի օգտին: Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ փորձել են քաղաքական ղեկավարությանը հասցնել իրենց սխալ ընտրության մասին, որ Մխիթարի մասով մարդկանց մեջ վստահություն չկա. Խոսում են, որ Վայքի խեղճուկրակ բյուջեն չի դիմանալու Մխիթարի ձեռքի տակ (թերևս նման վստահության պատճառը նրա անցյալն է: Ուժային կառույցներում վստահ են, որ իրենց ներկայացրած օբյետիվ իրավիճակի գնահատականը ճանապարհին «կորել է» ու չի հասել երկրի առաջին դեմքերին, այլապես նման սարսափելի ու անհեռանկարային քայլի Վայքում չէին գնա: Ի դեպ` քաղաքացիներից մեկն էլ քմծիծաղով ասեց, թե ջահել ժամանակ սիրում էր իրենց գյուղի թոնիրների ղազանները թռցներ, էդ մարդուց ինչ ղեկավար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից զատ, 2021-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել ու անցկացվելու հանրապետության բոլոր այն համայնքներում, որոնք 4000-ից ավելի ընտրող ունեն: Այդպես Ընտրական օրենսգիրքն է սահմանում: Եւ սրանից հետո էապես աճել է քաղաքական ու համայնքային կյանքում կուսակցությունների պահանջարկը, բայց ոչ այն պատճառով, որ գաղափարական պայքարի ձգտողները շատացան, այլ որովհետեւ անձի պաշտամունքը մեր երկրում լոկալ, թե գլոբալ, շարունակվում է: Իրենց նախընտրելի թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշան դնելուն սովոր քաղաքացիների համար համայնքների ամենագետ ղեկավարները գտան հարցի լուծում: Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը ինքնաառաջադրում թույլ չի տալիս, ու անգամ ինչ-որ համայնք երկար՝ մի քանի տասնամյակ, ղեկավարող համայնքապետը ստիպված է լինում համագործակցել որեւէ քաղաքական ուժի հետ: Երբեմն կլորիկ գումարի դիմաց կորած-մոլորված կուսակցությունները առաջադրում են որեւէ թեկնածուի՝ դաշինք կազմելով ուրիշ մեկի հետ եւ դաշինքի անունը դնելով թեկնածուի ազգանունը: Այսպես փոխշահավետ գործարքից օգտվում են բոլոր կողմերը՝ թեկնածուն, որը ուզում է իր անունով հանդես գալ, բայց չէր կարող, ընտրողը, որը փնտրում է իր ճանաչած թեկնածուին եւ նրա անվան դիմաց է ծիտիկ նկարում, եւ կուսակցությունները, որոնք վաղուց քաղաքական պրոցեսներից դուրս էին, երբեմն անգամ ճանաչում են ձեռք բերում՝ որոշ դեպքերում փոխշահավետ ձեռքսեղման գնալով: Վերջնարդյունքում պետք է արձանագրել, որ, միեւնույնն է, Հայաստանում թե՛ համապետական, թե համայնքային ընտրությունները եղել ու շարունակում են մնալ անձի ու անհատի ընտրություն։ Անկախ հանգամանքից՝ թեկնածուն ինքնաառաջադրվում էր նախկինում, թե ինչ-որ կուսակցություն է առաջադրում նրան, ընտրողն իրականում շարունակում է անհատին, ոչ թե կուսակցությանն ընտրել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում ներքին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ նաեւ մտահոգություն է հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը՝ որպես ապօրինի գույք բռնագանձել եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծիք են հայտնել, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների այս ներքին քննարկումներն ավարտվել են ուշագրավ զարգացումներով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի Ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, որ իրենցից այս գործերով ավելին չպետք է պահանջեն: Ասել է թե՝ բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու»: