VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակն այն աստիճան է խորացել, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ մասնավոր զրույցներում սկսել են իրենց մտահոգությունների մասին խոսել: Նրանք չեն պատկերացնում, թե 2017 թվականից հետո իշխանությունն ինչպես է «կիսվելու»: Մինչ այս իշխանական համակարգում բոլորը գիտակցել են, որ նախագահական ընտրություններում իրենք բոլորով պաշտպանում են իրենց ընդհանուր ղեկավարին: ԱԺ ընտրություններում իշխանական համակարգի ներկայացուցիչները ազատ են եղել ամեն մեկն իր «մասի» համար պայքարելու, նրանցից մի քանիսը նույնիսկ ընդդիմադիր դիրքերից են այդ «կտորի» համար կռվել: Այդ ամենն իշխանական համակարգի վրա չի ազդել, քանի որ ընտրությունների արդյունքում իշխանության կրողի հարց չի լուծվել: 2017-ի ԱԺ ընտրություններում այդպես չի լինելու, եւ իշխանական համակարգի ներկայացուցիչները չեն պատկերացնում, թե իրենց ներքին գզվռտոցներն ինչ հետեւանքներ կունենան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու ընտրությունները դարձել են փորձաքար: Այլընտրանքային «ընդդիմություն» ԲՀԿ-ն, որն Ահարոն Ադիբեկյանի ուժեղ սոցիոլոգիայով 2-րդն է Հայաստանում, թեկնածուի խնդիր ունի եւ այդ հարցին որոշել է անդրադառնալ օգոստոսին: Ընդ որում, հնարավոր է թեկնածու չառաջադրեն: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ուզում թույլ տալ դա ոչ միայն այն պատճառով, որ ցույց տա, թե որքան իմիտացիոն են 2-րդ ուժի մասին ԲՀԿ-ական սպասումները, այլեւ, որ ՀՀԿ-ին հույժ պետք են այլ թեկնածուներ եւ «ընդդիմադիր ուժեր», որպեսզի ԳԱԼԱ-«Համախմբում» բուրգն իր շուրջը չհավաքի մյուս ընդդիմադիրներին: Պրոյեկտը հետեւյալն է. ՀԱԿ-ը հայտարարում է ԳԱԼԱ-ին սատարելու մասին, եթե հիմնովին համոզված լինի, որ նրա հետեւում կանգնած չէ «Համախմբումը»` իր «Սիվիլնեթով»: Ի դեպ, «Համախմբումն» էլ իր հերթին խաղեր է տալիս «Հայկական վերածննդի» թեկնածու
Հովիկ Մարգարյանի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս կայացած խորհրդի նիստում
Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ թիվ մեկ թշնամի է հայտարարել
Վարդան Օսկանյանին` Մարտի 1-ին թափված արյան պատասխանատվության մասով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Երեւանում ստեղծված իրավիճակի պատճառով 1 օր շուտ Ղարաբաղից Երեւան վերադարձած
Սերժ Սարգսյանը նույն օրն իր մոտ հավաքված ուժայիններին հրահանգ է տվել համոզել, եթե ոչ՝ հյուծել ահաբեկիչներին: Ծայրահեղ քայլերի գնալ ամենածայրահեղ իրավիճակում միայն: Ի դեպ, անցնող 2 օրերին «ոտքի վրա» է եղել նաեւ ՀՀ-ում գործող արեւմտյան դիվանագիտական կորպուսը: Իշխանության ներսում կարծում են, որ նրանցից մի քանիսն անուղղակիորեն՝ գրանտների եւ այլ տեսքով ֆինանսավորում են ապստամբներին։ «Զինվածության այն մակարդակը, որ կար ապստամբների մոտ, բավականին «թանկ հաճույք էր»»,- ասաց իշխանական աղբյուրը: Դեսպանները եւս անուղղակի հասկացրել են, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների ուղիով: Ի դեպ, նախագահականից հրահանգ է եղել ՀՀԿ-ականներին՝ «չխոսել, քանի դեռ օպերացիան չի ավարտվել»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Ազատության հրապարակում շրջանառվող լուրերից մեկն այն է, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում քննարկվում է ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերակը: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր
Ռուդիկ Հյուսնունցից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք Արցախը պատրաստ է նման զիջումների, կա՞ նման խոսակցություն Արցախում: «Նմանատիպ խոսակցություններ չկան: ՀՀ նախագահը այցելել է Արցախ, հանդիպել է մեզ հետ, եւ որեւէ նմանատիպ խնդիր այսօր օրակարգում, սեղանի վրա որեւէ փաստաթուղթ ներկայացված չէ: Բանակցային գործընթացներ են՝ տարբեր ձեւաչափերով, տարբեր հանդիպումներ, խոսակցություններ, հարցի լուծման միտված աշխատանքներ, բայց նմանատիպ խնդիր ՀՀ նախագահը մեր առջեւ չի դրել»,- պատասխանեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Մեր այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ նման տարբերակ է պարտադրվում, իսկ այլընտրանքն էլ պատերազմի վերսկսումն է, ինչպես կվարվի Արցախը, Հյուսնունցը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը գտնվում է Ստեփանակերտում»»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ճոխ ծախսեր անելու սովորություն ունի, այս տարի գործադիրի աշխատակազմն ամենաշատը փող կծախսի թերևս հոսանքի, գազի ու ջրի վրա։ Հոսանքի համար վճարվելու է 131 մլն դրամ կամ 273.000 դոլար, գազի համար՝ 70 մլն դրամ կամ 146.000 դոլար: Այսինքն՝ ձմռանը տաքանալու, ամռանը հովանալու և տեխնիկական սարքավորումների համար կառավարությանը հատկացրել է 419 հազար դոլար։ Իսկ խմելու ջրի համար 25.000 դոլար։ Պետական շատ հիմնարկներում ու կառավարությունում աշխատողները ձմռանը վերնաշապիկներով, անգամ կարճաթև են լինում, իսկ ամռան շոգին այնքան են զովացնում, որ երբեմն կոստյում են հագնում։ Կառավարությունը մեկ այլ գնումի համաձայն ավելի քան 3000-ական դոլար արժողությամբ երկու «դյուրակիր» համակարգիչ՝ հավանաբար նոթբուք է ձեռք բերել։ Մինչդեռ կարելի էր նաև 1000-1500 դոլարով էլ լավ համակարգիչ գնել»:
«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած Խորենացու փողոցում կատարվածը շեղել Է քաղաքական դաշտի ուշադրությունը, սակայն և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ուժերը ժամանակ չեն կորցնում խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևերը փնտրելու հարցում։ Ընդդիմադիր դաշտում, ի տարբերություն իշխանության, ամեն ինչ խիստ անորոշ Է։ Չգիտեն, ում հետ ինչպես գնալ ընտրությունների, որ խիստ բարդացված ԸՕ-ի չափոոոշիչներով հայտնվեն խորհրդարանում։ Խորհրդարանական ընդդիմության պարագայում իսկապես խոչընդոտները շատ են։ Բոլորն ուզում են կրկին լինել խորհրդարանում, բայց ոչ մեկը չի վայելում հանրության վստահությունը։ Ժամանակին ՀԱԿ դաշինքը մեծ վստահություն ուներ հանրության շրջանում, սակայն այդ միավորումից այսօր բան չմնաց։ Մտավախություն կա, որ համանուն կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, եթե դարձյալ դաշինքով մասնակցի ընտրություններին, չի կարող անցողիկ շեմը հաղթահարել, իսկ առանձին մասնակցության դեպքում հնարավորությունները մեծանում են։ Այս պարագայում ՀԱԿ-ին հավատարիմ մնացած ՀԺԿ առաջնորդ
Ստեփան Դեմիրճյանը ինքնաբերաբար կհայտնվի լուսանցքում։ Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում այս օրերին մտածում են` ինչպես իրենց թիմակցին հասկացնեն, որ նրա հետ զրո արդյունք են ունենալու, առանց նրա գոնե մի քանի մանդատի հույս կլինի։ Կոպիտ ասած, խնդիր Է դրված մինչև աշուն Ստեփան Դեմիրճյանին «նեղացնել», հեռացնել իրենցից։ Նույն աղբյուրի պնդմամբ` սրանում կա նաև Դեմիրճյանի մեղքը, քանի որ նա չկարողացավ այս տարիների ընթացքում կուսակցությունը այնպիսի մակարդակի վրա պահել, որ ՀԺԿ-ին «կորցնելը» հեշտ չլինի։ Այլ խոսքով, այս կուսակցության պարագայում էլ ճիշտ Է ասված՝ անունը կա, ամանում չկա»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունիում գտնվող Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավելու առիթով
Սերժ Սարգսյանի նույն օրը եւեթ հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ պետերն ու տեղակալները: Ներկա չեն եղել քննչական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ գլխավոր դատախազը, որն այժմ արձակուրդում է, ըստ տեղեկությունների` երկրում չէ: Խորհրդակցության ժամանակ նախագահը, մեր տեղեկություններով, «շան լափ» է թափել ուժային ղեկավարների վրա, հատկապես՝ ԱԱԾ-ի: Նա հարց է բարձրացրել, թե որտեղ է օպերատիվ հետախուզությունը, երբ իր քթի տակ մի քանի անձինք, չունենալով բարձր պատրաստվածություն եւ մեծ ռեսուրսներ, կարողացել են գրավել ոչ ավել, ոչ պակաս՝ ոստիկանության շենք: Այն դեպքում, որ ընդամենը ամիսներ առաջ իրավապահները զինված հեղաշրջման պատրաստվող հանցախումբ են վնասազերծել, որի գործով անցնում է նաեւ ՀԽ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Սա, ըստ էության, ԱԱԾ երիտասարդ պետ
Գեորգի Կուտոյանի առաջին «քննություն-փորձությունն» էր, որը նա ձախողեց: Ասում են` ստեղծված իրավիճակը հատկապես ԱԱԾ երկարամյա նախկին պետ Գորիկ Հակոբյանի սրտով է, քանի որ նորանշանակ պետի նկատմամբ իր թերահավատությունն արդարացվեց»: