26.11.2024
Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար
prev Նախորդ նորություն

Մենք նոր պատերազմի շեմին ենք. Զարուհի Փոստանջյան

Սահմանին չդադարող միջադեպերը՝ Սյունիքում և Գեղարքունիքում, նոր լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։


Նրա խոսքով՝ նոր պատերազմի սկիզբը սպասվում էր նույնիսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին, երբ եղանակային պայմաններն ավելի բարենպաստ էին, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների հավանականությունը չի բացառվում նաեւ ձմռանը:


Փոստանջյանը վստահ է, որ ադրբեջանական կողմը գործնականում ապահովել է Սյունիքի տարածքով այն միջանցքը, որը պնդում էր, քանի որ այստեղ տարածությունը շատ փոքր է, եւ ադրբեջանական զորքերի կողմից մնացած մասը գրավելը կարող է մի քանի օրվա հարց դառնալ:


Փոստանջյանը հիշեցրել է, որ Նախիջեւանում զորավարժությունների անցկացումից հետո թուրք զինվորականներն ու ռազմական տեխնիկան դեռեւս մնում են այդ տարածքում: Դա, նրա գնահատմամբ, նշանակում է, որ ներխուժումը կապահովվի ոչ թե միջանցքը ճեղքելու, այլ ամբողջ Հայաստանը կլանելու նպատակով։


Ընդգծելով, որ դրան պետք է պատրաստվել, ընդդիմադիրը նշել է, որ Նախիջևանից Երևան թուրք-ադրբեջանական զորքերը կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում: Նա վստահ է, որ գործող իշխանության օրոք հայկական կողմը չի կարող պատշաճ դիմադրություն ցույց տալ։


Նա նշել է, որ գործող վարչապետին և իր թիմին իշխանությունից հեռացնելու գործողությունների հետ մեկտեղ ընդդիմությունը պետք է ձևավորի ճգնաժամային կառավարություն, որի կազմում պետք է ընդգրկվեն ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական գործիչներ: