Իշխանությունը տևական ժամանակ գաղտնալսման փորձեր է իրականացրել․ Վանեցյանը նամակ է ստացել
Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել: Այս մասին գրել է "Հայրենիք" կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը.
1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։
Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։
2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման։ Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը։
Հ․Գ․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից",- գրել է Վանեցյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված: