23.11.2024
Իշխանությունն ուղերձ է փոխանցում, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Միշուստինը մաքուր հայերեն է խոսել ու նվագել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-20-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երեւանում գտնվող ՌԴ վարչապետը, ըստ մամուլի, երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում՝ «Մալխաս» ջազ ակումբում։ Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը մի քանի ժամ կաթվածահար էր, գրվեց, որ Հայաստան ժամանած վարչապետները՝ Փաշինյանի հետ, Թումանյան փողոցում գտնվող «Մալխաս» ակումբում են, դրա պատճառով են փողոցները փակվել։ Սակայն մենք պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել ջազ երեկոյին, ջազմեն Լեւոն Մալխասյանը հաստատեց դա եւ ասաց, որ ներկա են եղել ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի վարչապետները՝ իրենց ուղեկիցների, այդ թվում՝ թիկնապահների հետ։ Թիկնապահները տեղավորվել են ակումբի երկրորդ հարկում, վարչապետները՝ առաջին։ Երեկոն անցել է բավականին մտերմիկ մթնոլորտում։ Հայկական արմատներով Միշուստինը մաքուր հայերեն է խոսել ջազմենի հետ, ապա լուսանկարվել նրա հետ։ Մալխասը չթաքցրեց, որ անակնկալի է եկել ՌԴ վարչապետի հայերենից։ Մինչ նվագելը ներկաներից մեկը կատակել է, թե «ձեր սահմանների հարցը հիմա կախված է նրանից, թե ոնց կնվագի Մալխասը»։ Մալխասի կատարումը հիացրել է վարչապետներին։ Ոգեւորությունն այնքան մեծ է եղել, որ Միշուստինն ասել է՝ շատ բարդ բան է մաեստրոյից հետո նման հանդգնությունը, բայց ինքն էլ է ուզում նվագել։ Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս էր նվագում ՌԴ վարչապետը, Մալխասն ասաց․ «Բավականին հաջող»։ Պարզվում է՝ ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինը ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը ու նախանշել նաեւ հետագա քայլերը: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։ Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիեւը եւս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Նկատենք՝ ըստ մամուլի՝ եռակողմ հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 9-ին փաստաթղթերի ստորագրմամբ։ Հանդիպման վերաբերյալ արտահոսքից հետո Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ եռակողմ հանդիպումը կլինի կողմերի համաձայնության դեպքում՝ ակնարկելով նաեւ առարկայական արդյունքի պայմանը։ Դա հենց փաստաթուղթն էր։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը մերժել էր ստորագրել սահմանազատման փաստաթուղթը։ Նոյեմբերի 16-ին Բաքուն ներխուժման փորձ արեց Սիսիանի շրջանի հատվածում, որտեղով ենթադրաբար պետք է բացվի միջանցքը։ Հայկական կողմից զոհերի եւ պատանդների թիվն առայժմ հստակ չի ասվում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է սահմանազատման ռուսական առաջարկներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը բնական համարեց այսպիսի հանդիպումները, քանի որ, նրանց խոսքով, դրանց կարիքը շատ էր հասունացել: Նա այս պահին առաջնային է համարում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց իրականացնելը եւ ողջունեց այն հանգամանքը, որ հայկական կողմը դրան համաձայնել է ռուսական կողմի առաջարկով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն տեսակետին է, որ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում ռուսական ներկայությունը զսպում է Ադրբեջանի ագրեսիան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեսակետին, թե ռուսական զորքերը շուտով նաեւ Սյունիքում կարող են հայտնվել, նշում է՝ ռուսական զորքերը Հայաստանի հարավում մինչեւ նոյեմբերի 16-ի դեպքերն էլ ներկա էին։ «Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելով՝ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազային, ստանային անհրաժեշտ աջակցությունը եւ կանխեին հարձակումը»,- շեշտում է ռազմական փորձագետը։ Եթե ՌԴ-ն Սյունիքում շատ ավելի վաղուց է ներկայացված, դա արդյո՞ք ինքնիշխանության խարխլում չէ նշանակում. մեր այս դիտարկմանը Ջամալյանը անկեղծորեն է արձագանքում. «Իհարկե, պետք է անկեղծ լինել ու ասել այդ մասին։ Բայց երբ ամեն անգամ խոսում եմ ռուսական գործոնի ազդեցության մասին, դրան զուգահեռ մշտապես շեշտում եմ, որ անգամ շատ թուլացած վիճակում Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, որովհետեւ մեր դաշինքի նշանակությունը որքան մեզ, այնքան էլ ռուսական կողմի համար է կարեւոր»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ազատագրում» շարժումը շարունակում էր նախօրեին սկսած պայքարը, այս անգամ հանրահավաքը Հանրապետության հրապարակում էր, եւ, ակնհայտորեն, ավելի շատ մարդ էր մասնակցում, քան նախորդ օրը։ Ղեկավար կազմը՝ «Զարթոնք» եւ «5165» կուսակցությունները, նախ երթ արեցին Երեւանի համալսարանների մոտով, ապա ժամանեցին հրապարակ։ Երեկ նրանց էր միացել նաեւ լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հիմնած հասարակական կազմակերպությունը՝ «Քաղաքացիական խորհուրդը»: Հրապարակում մեծ թվով ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ կային։ Ելույթ ունեցողները եւ հրապարակում հավաքվածները միակարծիք էին՝ չպետք է թույլ տանք, որ մեր անունից եւ մեր թիկունքում նոր փաստաթուղթ ստորագրվի։ Որոշել են հանրահավաքն ամենօրյա ռեժիմով անցկացնել>:


«Իրավունք» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան հունանյանը ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն վերոնշյալի հետ կապված` Սփյուռքի լռությունը խիստ հարաբերական է: Ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ` սփյուռքյան կառույցներում պատրաստվում են բավական լուրջ արձագանքել ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորող հայաստանյան իշխանություններին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Խոշորացված համայնքի կենտրոնը Եղվարդ քաղաքն է, որին դեռ 2017-ին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան եւ Սարալանջ գյուղերը։ Այժմ Եղվարդին միավորվելու են նաեւ Կոտայքի խոշոր գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։ Նաիրիում ուշագրավ պայքար է ընթանում։ Պայքարում է 6 կուսակցություն՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, Արամ Զավենիչի «Հանրապետությունը» եւ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։ ՔՊ թեկնածուն Վաղարշակ Ամիրխանյանն է։ Նա 2021թ․ մայիսից զբաղեցնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ցուցակի 2-րդ համարը Զովունու վարչական ղեկավարն է, 8-րդը՝ Պռոշյանի գործող համայնքապետը։ Ցուցակում են նաեւ Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցներ, անհատ ձեռներեցներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Իսկ Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լ․ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Նա նախկինում ՀՀԿ-ական էր, այժմ՝ անկուսակցական, Եղվարդի համայնքապետն է 1999-ից։ Ի դեպ, «վերակազմյալ հնչակյանները» ՏԻՄ-ին մասնակցում են միայն Եղվարդում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանությունից անցել է 12 օր, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը չի հրապարակում որեւէ վարկած, թե ինչու հնչեցին աղմկահարույց կրակոցները, որի հետեւանքով սպանվեց 4 անձ: Այս դեպքը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչ է թաքցնում կամ ինչից է վախենում նախաքննական մարմինը, որ մինչ օրս սպանության որեւէ վարկած չի հանրայնացրել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարեւորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարեւորագույն վկան եւս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանից Հայաստան տեւական ժամանակ է՝ բենզին չի ներկրվում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապված է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում սկսեցին Իրանից մեծ թափով բենզին ներկրել, որը ՌԴ-ից ներկրվող բենզինի համեմատ մոտ 20 դրամով էժան էր վաճառվում։ Հիմա այլեւս ձեռնտու չէ Իրանից բենզին ներկրելը։ Բացի գներից, ասացին՝ այլ խոչընդոտներ էլ կան։ Մեկը Գորիս-Կապան մայրուղու` Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելն է։ Ադրբեջանցիներն այստեղ մաքսակետ են տեղադրել եւ իրանական բեռնատարներից տրանզիտի գումար են գանձում։ Իրանից Հայաստան մտնելիս նավթամթերքով բարձված մեքենաներից գանձում են 250 դոլար, իսկ դատարկ վերադառնալիս՝ 150 դոլար։ Այլ ապրանքներով` շինանյութով, սննդով բարձված մեքենաներից գանձում են 130-ական դոլար մտնելիս եւ դուրս գալիս։ Այսինքն՝ բենզինով բարձված մեկ մեքենան Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար ադրբեջանցիներին ստիպված է վճարել լրացուցիչ 400 դոլար գումար, ինչն էապես ավելացնում է փոխադրման եւ ըստ այդմ` ապրանքի գինը»:


«Իրավունքը» մարզերից շարունակում է ստանալ ահազանգեր, թե, մեղմ ասած, ինչ իրավիճակ է տիրում քովիդ բաժանմունքներում: «Քայքայված սանհանգույց, սողուններ, չորս կողմը աղբ, գարշելի հոտ: Սա է մարզային քովիդ բաժանմունքների իրական վիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզից մի բնակչուհի, ում մայրը այս պահին գտնվում է բուժման մեջ, ըստ այդմ՝ զերծ կմնանք անունը հրապարակելուց: Մեկ այլ` Լոռու մարզի բնակչուհի էլ ասաց. «Անգամ բարձր վարձատրության պարագայում բազմաթիվ բուժաշխատողներ հրաժարվում են աշխատել այդ բաժանմունքներում: Որովհետեւ սանիտարական վիճակը հավասար է զրոյի, կարող ես կորոնայով չվարակվել, բայց այլ վարակ տուն տանել»: