4.12.2024
ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական դիմում չի ստացել
prev Նախորդ նորություն

Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ժամը 13-ի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանագծի ուղղությամբ: ՀՀ Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա.


"Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ: Այս պահին խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակը",- ասաց նա:


Այնուհետ Փաշինյանը հայտարարեց.


"Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական. սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխն տարածք: Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, անկախությունը:


Այո, մենք այսօր ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաեւ ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, կանք, պետություն ենք, մենք պետական ազգ ենք եւ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, կարող ենք փնտրել եւ գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել անբարտավանության լեզվով.,- ասաց նա:


Փաշինյանը կոչ արեց միջազգային հանրությանը Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հյասցեական հայտարարություններ ընդունել:


"Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են եւ անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով:


Եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն եւ պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են:


ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը վճռական են եւ մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը եւ անկախությունը",- շեշտեց նա:


Միաժամանակ, շարունակեց Փաշինյանը, Հայաստանը շարունակում է ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրժեշտությունը եւ նախկինում արված բոլոր առաջարկություններն ուժի մեջ են.


"Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին",- ընդգծեց նա:


Ավարտելով ելույթը ՀՀ վարչապետն ասաց, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: