Ներկայիս սահմաններին իրավիճակը հետևանք է այն բանի, որ իշխանությունները համակերպվել են պարտվողական դիրքորոշման հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նշել է, որ չնայած այն բանին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, զորքերը պետք է մնային այն դիրքերում, որտեղ գտնվում էին հրադադարի պահին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «զորքերը հետ է քաշել մինչեւ վերջին միլիմետրը»: «Ինչ-որ բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունների հիման վրա նա դիրքերը շեղել է մինչև սահմաններ, իսկ որոշ դեպքերում նաև երկրի խորքը՝ հաշվի չառնելով, որ հետագայում սահմանագծման և սահմանազատման ժամանակ մի շարք ռազմավարական կետեր և բարձունքներ հիմք կդառնան սահմանների հստակեցման համար», - հայտարարել է նա:
Ընդդիմադիրը վստահ է, որ ներկայիս իրավիճակը իշխանությունների պարզունակ և չմտածված գործողությունների հետևանք է։
Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, պարտված իշխանությունները միշտ հայտնվում են ճնշման տակ ոչ միայն թշնամու, այլեւ միջազգային ասպարեզում: Օհանյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան եւ հայատյացության քաղաքականությունը ոչ միայն հռետորաբանության, այլեւ կոնկրետ գործողությունների մակարդակով, որոնք ուղղված են Հայաստանի տարածքի խորքը ներխուժելուն: Սեյրան Օհանյանը մատնանշել է հատկապես Սյունիքի մարզում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումը՝ ընդգծելով, որ Երևան-Կապան ավտոմայրուղին դե ֆակտո վերահսկվում է ադրբեջանական կողմից:
Բաքվի նպատակն ակնհայտ է, նշել է նա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարի առաջխաղացումը։ Օհանյանը կրկին ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական դաշինքի սցենարով սահմանների ապաշրջափակման գաղափարի իրագործումն էլ ավելի կուժեղացնի Հայաստանի եւ Արցախի շրջափակումը՝ հանգեցնելով տնտեսական եւ ժողովրդագրական ճգնաժամի: Պատգամավորը կարևորեց անվտանգության խնդիրների օպերատիվ լուծումը, բանակի վերականգնումը և դիրքերի ուժեղացումը, հակառակ դեպքում շարունակական առաջխաղացումը հնարավոր չի լինի կասեցնել: Սեյրան Օհանյանը վստահ է, որ ներկա պայմաններում նույնիսկ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման դեպքում ադրբեջանական սադրանքները չեն դադարի:
Նա ցավով նշել է, որ իշխանությունը, ի դեմս խորհրդարանական մեծամասնության, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում անվտանգության հարցերին, ինչի վկայությունն է սահմանին իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկումներ անցկացնելու ընդդիմության նախաձեռնության տապալումը՝ չնայած այն բանին, որ լարվածությունը հասել է գագաթնակետին: