Ամեն օր դեակտիվացնում ենք մեր պատմության մի էջ ու հասնենք վիլայեթի կարգավիճակի. Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի եւ Արցախի ներքին-արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ։
Բացելով առաջին քննարկումը Զոհրաբյանը հայտարարեց, որ սկզբում նախատեսել էր քննարկում հետևյալ օրակարգով՝ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. խաղաղության օրակարգ», ինչի մասին բարձրաձայնում է իշխանությունը: Բայց, ասաց նա, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին դա կլիներ ուղղակի զավեշտ: Հետևապես ճիշտ է քննարկումը կազմակերպել «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» խորագրով:
"Մենք ապրում ենք դեակտիվացված Հայաստանում, ամեն օր մեր պատմությունից մի էջ դեակտիվացնում ենք: Սա սողացող պատերազմ է, որի ընթացքում ՀՀ-ն ամեն օր մի դիրք է հանձնում, նոր ադրբեջանական անցակետ ավելացնում: Արդյունքում Հայաստանը հայտնվելու է վիլայեթի կամ նմանատիպ կարգավիճակում զուտ այն պատճառով, որ չկա որևէ պատասխանատու, որին կարողանանք հարցադրումնել անել ու ստանալ ադեկվատ պատասխաններ",- ասաց նախկին պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրեն զարմացնում է մեր հասարակության մի հատվածի արձագանքը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների գնահատականին, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է և քննադատությունը, թե նրանք ազնիվ չեն: Մինչդեռ, նշեց տիկին Զոհրաբյանը, եվրոպացի գործընկերները ազնիվ են և ուղղակի չեն առաջնորդվում էմոցիաներով, այլ առաջնորդվում են կոնկրետ փաստերով: Իսկ փաստն այն է, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ստացել է ընտրողների 54 տոկոս քվե: Իսկ բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն իրեն այնպես չի պահում, ինչպես, օրինակ, Վրաստանի ընդդիմությունը, որի մեծ մասը ընտրություններից հետո բոյկոտում է և չի մտնում խորհրդարան և այս պահին էլ քննարկվում է մանդատները վայր դնելու հարցը:
«Մենք ևս ունեցել ենք, որպես ընդդիմություն, խնդիրներ: Գուցե մեր գործընկերները նոր են հասկացել, բայց փաստ է՝ եթե չունես մեծամասնությունը խորհրդարանով հնարավոր չէ հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Հակառակը՝ խորհրդարանով ավելի է ամրապնդվելու Փաշինյանի իշխանությունը: Ու որքան էլ ցավալի հնչի, բայց այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է: Այս խորհրդարանը ընդամենը մեկ գործառույթ պետք իրականացնի՝ հեռաանցի Փաշինյանին, այլ ոչ թե նր հետ քննարկի գույքահարկ կամ պետբյուջեում գրահրատարակչության ոլորտի խնդիրները»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Ներկայիս ընդդիմությունից շատերը, շարունակեց նա, պատերազմում կրած խայտառակ պատերազմից հետո անձամբ իրեն ասում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ նույն դահլիճում գտնվելը նշանակում է պղծել Եռաբլուրը: Եվ ինքը վստահ է, որ եթե անգամ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմությանն ասի վայրդ դրեք մանդատները, նրանցից ոմանք, անգամ կալաշնիկովի սպառնալիքի տակ, դա չեն անի: