Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ժամանակահատվածներից մեկը՝ վստահաբար կարող ենք ասել, որ անկախությունից ի վեր նման ծանր ժամանակահատված չի եղել: Այս մասին «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» խորագրով քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
"Մարտահրավերները թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհից եկող շատ են, շատ բարդ են: Բարդ է իրավիճակը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև գլոբալ մրցակցություն կա ամբողջ աշխարհում գերտերությունների միջև, ինչը ուղղակիորեն ազդում է ՀՀ վրա: Գլոբալ մրցավազքը բավականին բարդ վիճակի մեջ է մեզ դնում, մանավանդ երբ մենք չունենք ադեկվատ և պրոֆեսիոնալ արտաքին քաղաքականություն", - ասաց նա:
Մեր տարածաշրջանում, շարունակեց նա, տասնյակ տերությունների շահեր են բախվում, իսկ Արցախյան վերջին պատերազմից հետո որևէ մեկը բավարարված չի, այդ թվում և ՀՀ-ն:
"Բավարարված չենք մենք, որովհետև կորցրել ենք, Ադրբեջանը, որովհետև ամբողջ Արցախն էր ուզում: Բավարարված չէ Ռուսաստանի Դաշնությունը, քանզի ավելի մեծ տարածքի վրա էր ուզում տեղակայել խաղաղապահներին, այդ թվում և Հադրութում: Բնականաբար նաև Իրանը, որի համար խնդիրներ են ձևավորվում այլևս Ադրբեջանի հետ մեծ սահմանը և Սյունիքի այսպես կոչված միջանցքը",- թվարկեց բանախոսը:
Ակտիվ պատերազմական փուլն ավարտվել է, բայց մարտահրավերները պահպանվում ու ուժգնանում են: Սուրեն Սարգսյանը համոզված է՝ ժամանակն է ակտիվ դիվանագիտությամբ ինչ-որ բան կանխել կամ փորձել հետ բերել, բայց, ցավոք, այդ ունակությունը ՀՀ-ն այս պահին չունի: Վերջին տարիներին, նշեց նա, հետևողականորեն քանդվում էր բանակը, իսկ հիմա, երբ բանակցությունների փուլն է գալիս, հետևողականորեն քանդվում է նաև ԱԳՆ-ն:
"Հայաստանն այսօր չունի լուրջ հնարավորություններ դիմակայելու լրջագույն մարտահրավերներին՝ չունենք ո՛չ ներքին ռեսուրսներ, ո՛չ էլ արտաքին: Պետք է գիտակցենք, որ սա մեր պետության ամենածանր ժամանակահատվածն է և այն, ինչ տեղի է ունենում, կործանարար ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է մեր պետության պագայի համար",- հավելեց Սուրեն Սարգսյանը:
Նշենք, որ քննարկումը կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: