25.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի գործերին անընդունելի է. Ղարիբաշվիլի

Հետախուզվող Սահակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, մինչդեռ նա արդեն դատապարտված է այլ ծանր հանցագործությունների համար: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հեռախոսազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զելենսկին զրույցի ընթացքում հետաքրքրվել է Ուկրաինայի քաղաքացի, բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակով։ Ղարիբաշվիլին նրան ասել է, որ բանտարկյալ Սահակաշվիլին, ինչպես և մյուս բանտարկյալները, գտնվում է քրեակատարողական հիմնարկում, առաջին օրվանից հսկողության տակ  է և 24 ժամ ստանում է համապատասխան բուժօգնություն։


Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին թույլ են տվել իրեն տեսակցեն իր փաստաբանները, ընտանիքի անդամները, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի անդամները, և այս ընթացքում նա ունեցել է հարյուրից ավելի այցելու: Զելենսկին քննարկել է բանտարկյալ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցը, որին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլին 18-րդ հիմնարկ տեղափոխվելուց հետո դիմադրություն է ցույց տվել և բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկել աշխատակիցներին։ Ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը իրականացրել է օրենքով սահմանված գործողություններ։


Ըստ մամուլի ծառայության՝ Վրաստանի կառավարության ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում Միխեիլ Սահակաշվիլիի անօրինական գործողությունները որակել է որպես սադրիչ, ապակառուցողական և սպառնալիք ներկայացնող երկրի կայունությանը: Նա անընդունելի է համարել Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին։


Իր հերթին Զելենսկին պահանջել է դիտարկել հնարավորությունը և թույլ տալ ուկրաինացի բժիշկներին ստուգել Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը, ինչին ի պատասխան Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ վրացի պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող բժիշկները հոգում են բանտարկյալ առողջության մասին։


Նույն հեռախոսազրույցի մասին այսօր տեղեկություն է տարածել նաեւ Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում նա ընդգծել է, որ «Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն՝ միջազգային նորմերին համապատասխան»։