ՌԴ խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 7 հազար մարդու անվտանգ տեղաշարժ Ղարաբաղ
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 4 հազար միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի եւ մոտ 7,5 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ:
Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
«Լեռնային Ղարաբաղի տարածքում մենք հետեւում ենք հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրականացնում ենք հսկիչ-անցագրային ռեժիմ։ Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, անհրաժեշտության դեպքում՝ ավտոմեքենայի զննում է կատարվում։ Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք վարորդին դուրս գալ ավտոմեքենայից՝ ավտոմեքենայի սրահը զննելու համար: Օրն անցնում է ավելի քան 150 մեքենա», - ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը։
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և Անխափան սնուցման աղբյուրներով:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի քսանյոթ դիտակետերը տեղակայված են սահմանազատման գծի ողջ երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում: Ռուս խաղաղապահներն ապահովում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: