24.11.2024
Արցախում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում պետք է լինի մշտական. Արմեն Սարգսյան

Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից: Այս մասին ռուսաստանյան «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, և ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի նրանց ներկայությունն այնտեղ, նախագահը շեշտել է՝ միշտ:


"Երևի ես պետք է օգտվեմ հնարավորությունից և Ձեր միջոցով շնորհակալություն հայտնեմ. նրանք, ի վերջո, զինվորներ են: Նրանք կարող էին հանգիստ ծառայել Ռուսաստանի տարածքում, առանց գլխացավի, քանի որ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը մեզ մոտ ոչինչ տեղի չի ունենա: Սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը և ձեր երկրի ղեկավարությունը դժվար որոշում են ընդունել, ես նրանց ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար",- ասել է նախագահը:


Արմեն Սարգսյանն ասել է, որ իրեն Ռուսաստանի հետ շատ բան է կապում՝ նշելով, որ կապող օղակ է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, ում հետ իրենք շատ լավ հարաբերություններ ունենք:


"Իհարկե, միջպետական կապերը չեն կարող կառուցվել երկրի ղեկավարների համակրանքների կամ հակակրանքների վրա: Եվ, այդուհանդերձ, անձնական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Ինձ Ռուսաստանի հետ կապում են գիտության, բիզնեսի իմ մեծաթիվ ընկերները: Կապում է իմ կյանքը, քանի որ ես, ամեն դեպքում, խորհրդային մարդ եմ: Մոսկվայում ինձ զգում եմ ինչպես տանը, թեպետ, օրինակ, Ալմաթիում ևս զգում եմ ինչպես տանը: Ուսանողական տարիներին եղել եմ Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարայում, և այդ ամենն իմ կյանքի մի մասն է: Իսկ Ռուսաստանը՝ առավել ևս: Բացի այդ, ինձ Ռուսաստանի հետ կապում է ռուսական մեծ մշակույթը՝ գրականությունը, լեզուն, արվեստը, երաժշտությունը, շատ ընկերներ ունեմ երաժիշտների, կոմպոզիտորների մեջ: Ես զարմացա, որ կարծում էիք, թե Ռուսաստանում ընդամենը երկու ընկեր ունեմ":


Նախագահը նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարող է հենակետային երկիր դառնալ՝ որոշակի ոլորտների զարգացման համար, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր: Նա պարզաբանել է իր միտքը.
"Հայաստանը հնարավորություն ունի ներգրավել մարդկանց, նոու-հաուներ Արևմուտքից, ԱՄՆ-ից, ամբողջ աշխարհից և դառնալ նոր տեխնոլոգիաների երկիր: Դա լա՞վ է արդյոք Ռուսաստանի համար: Այո, ուղղակի հիանալի է: Իմ երազանքն է, որ Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիաների երկիր»,- ասել է նախագահը: