Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:
Ողջունելով ԵԽԽՎ համազեկուցողներին՝ վարչապետը նշել է.
«Հարգելի գործընկերներ,
20 տարվա ընթացքում մենք մշտապես բարձր ենք գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը և դա դիտարկել ենք որպես մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցող կարևորագույն մասնակցություն: Երբ մենք անդամագրվում էինք Եվրոպայի խորհրդին, մեր անդամակցության փաստաթղթերում 2 հիմնական ուղղություն կար, որոնք կարևոր էին այդ շրջանում՝ մեկը ժողովրդավարությունն էր, մյուսը՝ խաղաղությունը:
Պետք է արձանագրեմ, որ ժողովրդավարության ոլորտում շոշափելի հաջողություններ ունենք և կարող ենք վերջապես արձանագրել, որ ժողովրդավարական ոլորտի մեր հաջողություններն այնպիսին են, որ տեսնում և արձանագրում է նաև միջազգային հանրությունը: Ուրախ եմ նաև, որ Եվրոպայի խորհուրդն է դա տեսնում և արձանագրում: Կարծում եմ, որ հատկապես վերջին շրջանի իրադարձություններն ակնհայտ են դարձնում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Մենք թերևս արագությունները կարգավորելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ճիշտ արագություն որդեգրենք այդ փոփոխությունների համատեքստում: Մեկ բան ակնհայտ է՝ երկար տարիներ Հայաստանում առկա ֆունդամենտալ պրոբլեմը նույնքան ֆունդամենտալ կերպով լուծված է. խոսքն ընտրությունների արդյունքների վստահելիության մասին է, և այս առումով, իհարկե, մենք գնահատում ենք այն ներդրումը, որ 20 տարվա ընթացքում ԵԽ-ն ունեցել է Հայաստանին ժողովրդավարության հարցում աջակցելիս:
Մյուս հարցում մենք խնդիրներ ունենք. մեր տարածաշրջանում, ցավոք, կայունությունը և խաղաղությունը շատ մեծ հարվածի տակ են, և այն փաստը, որ մենք մինչև հիմա ունենք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիներ Ադրբեջանում, սրա ամենավառ արտահայտումն է: Ես շատ բարձր եմ գնահատում, որ ԵԽԽՎ-ում այս խնդիրը բարձրաձայնվեց և արձանագրվեց: Դա իսկապես կարևոր է: Կարևոր է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցերում շատ սկզբունքային դիրքորոոշում է արտահայտում: Սա էլ ավելի է ընդգծում Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության կարևորությունը:
Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր մարտահրավերների և դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը: Վատ լուրն այն է, որ դա միայն մեզնից չէ կախված, ավելի ճիշտ վատ լուրն այն է, որ այս օրակարգը ոչ բոլորն են կիսում և, համենայնդեպս, խաղաղության պարամետրերի պատկերացումները նույնական չեն: Բայց մենք պիտի հետևողական շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Ամեն դեպքում այս հարցում ունենք նաև մեր միջազգային գործընկերների աջակցության կարիքը: Կրկին ուզում եմ ողջունել ձեզ և ուրախ եմ այս առիթի համար, որպեսզի մեր գործերի ընթացքը քննարկենք»:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ և իմ գործընկերների երախտագիտությունը հայտնել մեզ այստեղ հրավիրելու համար: Նաև ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ 2021 թվականի ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման և այդ ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի համար: Դա հաղթանակ էր ոչ միայն Ձեզ համար, այլև հաղթանակ էր Հայաստանում ժողովրդավարության համար: Ինչպես Դուք արդեն նշեցիք, Հայաստանը շատ ձեռքբերումներ է ունեցել ժողովրդավարության ոլորտում: Վերջին 3 օրվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպելու շատ մարդկանց, այցելելու մի շարք կառույցներ, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և այլ մարմիններ: Եվ իսկապես ուրախալի է տեսնել, որ Ձեր երկիրը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է»:
Իր հերթին Կիմո Կիլյունենն ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Առաջին հերթին, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների լավ կազմակերպման համար: Մենք դիտորդ ենք եղել և արձանագրել ենք, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին և հանձնառություններին: Անձնապես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները Ձեզ և Ձեր կուսակցության համար շատ ավելի կարևոր էին, քան թավշյա հեղափոխությունից հետո կայացած ընտրությունները, քանի որ այժմ իրավիճակն ավելի կոնսոլիդացված է և կարող եք իրականացնել ձեր ծրագիրը: Ձեր կառավարության ծրագիրն ստացել է ժողովրդի ուժեղ մանդատը, և վստահելիությունը երաշխավորված է ընտրությունների արդյունքներով»:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ մասնակից բոլոր երկրների ջանքերը և նշել, որ կշարունակեն բարձրաձայնել Ադրբեջանում հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոլորտային մի շարք բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ: