Նախնական արդյունքների մասին կտեղեկանանք միայն նոյեմբերին. ԱԳՆ-ն՝ ընդդեմ Բաքվի հայցի մասին
Նախնական արդյունքների մասին կտեղեկանանք միայն նոյեմբերին, այդ թվում և ես խոսում եմ անհապաղ միջոցների կիրառման կամ չկիրառման վերաբերյալ որոշումների մասին, և ըստ այդմ նաև կտեղեկացնենք հանրությանը և մեր մեկնաբանությամբ հանդես կգանք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանում վերջերս ավարտված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Հայստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ դատական բանավոր լսումներին։
Նա նշել է, որ գործընթացը իսկապես կարևոր է և ըստ արժանվույն է, որ արժանացել է և՛ հայ հասարակության, և՛ ենթադրում եմ նաև միջազգային հանրության ուշադրությանը: Այդուամենայնիվ, ակնհայտորեն խոսքը դատական գործընթացի մասին է, հետևապես նա չէր շտապի այժմ մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել դատական գործընթացի մասին:
"Այս պահին ասեմ միայն երկու հանգամանք: Նախ՝ ուզում եմ նշել, որ Հայաստանը ներկայացնող թիմը իսկապես ուժեղ է դատական և մասնագիտական առումով, և բովանդակային հագեցվածության առումով իսկապես ուժեղ փաստաթղթերի փաթեթ, ուժեղ հայց է ներկայացրել: Եվ երկրորդ՝ ուզում էի ասել, որ մի արդյունք արդեն կարող ենք արձանագրել: Գիտեք, հավանաբար, որ Ադրբեջանը ի վերջո հեռացրեց մանեկեններին և սաղավարտները տխրահռչակ ռազմավարի պուրակից, որը բացել էին: Ես ուզում եմ ասել, որ ակնհայտ է, որ այս պուրակը հայատյացության և, ընդհանրապես, այլատյացության հստակ, ամենաճչուն դրսևորումն էր, և ահա այս դատական գործընթացը նպաստեց նրան, որ այդ մանեկենները այդտեղից հեռացվեն",- ասել է ԱԳ նախարարը: