23.11.2024
Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ է կամ մոլորեցնում է մարդկանց. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանի համար ՄԻՊ ամենացանկալի թեկնածուն Դանիել Իոաննիսյանն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը նախորդ համարում տեղեկացրել էր, որ իշխանությունները ինտենսիվ զբաղված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրենց քիմքին հաճելի թեկնածուի փնտրտուքներով, որպեսզի փետրվարին կարողանան խորհրդարանին ներկայացնել։ Խոսքն այնպիսի թեկնածուի մասին է, որը կլինի իշխանությունների հլու կամակատարը: Նշել էինք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության կուլիսներում շրջանառվում են տարբեր անուններ, և դրանց մեջ կան երկու կարկառուն, այսպես կոչված, «սորոսականներ», որոնց ծառայություններից այս երեք տարում իշխանությունները հաճախ են օգտվել: Զուգահեռաբար, անցյալ շաբաթվա վերջին տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ քննարկվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի թեկնածուն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայաստան» դաշինքը, եւ ցուցակը, ըստ Վանաձորում պտտվող լուրերի, գլխավորելու է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բաժնի պետ Գոռ Բադյանը։ Մենք կապվեցինք Բադյանի հետ՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք եք գլխավորելու «Հայաստան» դաշինքի ցուցակը, ասաց` ոչ, ճիշտ չէ։ Չե՞ք մասնակցելու ընտրություններին, Բադյանը պատասխանեց․ «Դեռեւս նման որոշում չկա կայացված»։ Իսկ «Հայաստան» դաշինքի հետ քննարկումներ, բանակցություններ սկսվե՞լ են։ «Դեռեւս ոչ»: Հարցին, թե ցանկություն ունի՞ մասնակցելու ընտրություններին, Բադյանն ասաց. «Բերեք այդ հարցին չպատասխանեմ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը եւս հայտ է ներկայացնելու՝ Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է: Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում: Մենք գրել էինք, որ Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետերի թեկնածուներին փոխելու հարցը: Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն, եւ որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին: Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, եւ ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը: Թեեւ ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել․ Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները գործող իշխանությունների համար ստացել են «կենացմահու» իմաստ։ Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո հասկանալով, որ, մեղմ ասած, այդքան էլ հեշտ չի տեղերում հաղթանակ ապահովել, իշխանությունները մարզերում մոբիլիզացրել են իրենց հնարավոր ու անհնար բոլոր ուժերը։ Սակայն իրականում շատերն արդեն չեն էլ ցանկանում Փաշինյանի ու իր կուսակցության հետ համագործակցել, ընտրությունների ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քանի որ, վերը նշվածից զատ, նաև իրենց աչքն է վախեցած, իշխանությունները նույնիսկ ընտրական հանձնաժողովներում չեն կարողանում հավատարիմ ներկայացուցիչներ նշանակել, հենց այդ պատճառով էլ անցել են քավոր-սանիկական հայտնի տակտիկային։ Այսպիսով, մեր տեղեկություններով, այն տեղամասերում, որոնք առավել ռիսկային են, Փաշինյանի թիմակիցները նշանակել են իրենց մերձավորագույն ընկերներին ու հարազատներին՝ հայր, մայր, եղբայր, քույր, զոքանչ, աներ և այլն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը երեկ մեծ շքախմբով այցելել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ սպառնացել աշխատակիցներին՝ եթե մեկ մարդու նման չընտրեն Կապանի ՔՊ թեկնածուին, բոլորին կազատեն աշխատանքից: Կոմբինատում Կապան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ են աշխատում: Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը եւ ուժերը կենտրոնացրել են, որ Կապանում ռեւանշի հասնեն: Այստեղ ՔՊ թեկնածուն նկարիչ Դավիթ Դանիելյանն է՝ Արայիկ Հարությունյանի սանիկը, իսկ նրա մրցակիցը երկարամյա քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է, ով 2018-ին հաղթեց ՔՊ թեկնածուին, չնայած ՔՊ-ն վերելքի վրա էր: Հիշեցնենք, որ կոմբինատի 15 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ընկերությունն օրեր առաջ, անհասկանալի պայմաններում նվիրեց ՀՀ կառավարության աշխատակազմին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը դեռ չի ձեւավորվել։ Սիրադեղյանի այրուց՝ Ռուզան Տոնոյանից, հետաքրքրվեցինք` արդյոք այդ հարցը քննարկե՞լ են ընտանիքին այցելության եկած Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ, որովհետեւ այս պահին դա կարեւոր չէ»։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այս պահին դեռ պարզ չէ անգամ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը։ «Իրավական առումով խնդիրներ կան։ Զբաղվում ենք այդ հարցով։ Ոչինչ չեմ կարող ասել ժամկետների մասով»,- ասաց Ռուզան Տոնոյանը։ Ի դեպ, լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիրադեղյանի ծննդավայրը` Կոթի, սակայն Վանո Սիրադեղյանի որդուց` Խաչատուր Սիրադեղյանից տեղեկացանք, որ երեւանյան տուն է այցելել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավիրուսային համավարակի ահագնացող թվերով պայմանավորված՝ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունները որոշել են ուսումնական հաստատություններում հեռավար կրթության ու արձակուրդային ռեժիմի անցնել: Սրան զուգահեռ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանել է՝ կառավարությունը որեւէ դեպքում ընդհանուր ու մեծ սահմանափակումներ սահմանելու ճանապարհով չի գնալու։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ու իր թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, որ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող։ Դա, ըստ երեւույթին, առաջին հերթին սոցիալական խնդիրներով է պայմանավորված, որ կարող են առաջ գալ, եթե փակվեն, օրինակ, ռեստորանները, սրճարանները, ժամանցի ու հասարակական նշանակության վայրերը եւ այլն: Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել էր դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգել եւս 1 շաբաթով, իսկ բուհերում՝ հեռավար կթության անցնել։ Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ առողջապահության նախարարը ահագնացող թվեր է հրապարակում ու զգուշացնում, որ մահճակալային ֆոնդը սպառվում է, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ որեւէ սահմանափակում չի լինելու։ Այսինքն՝ անկախ հանգամանքից, թե Covid-ից քանի մարդ կմահանա, հայրենի իշխանությունը հակահամաճարակային քայլեր անել չի պատրաստվում։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, օրինակ, քրոնիկ հիվանդություն ունեցող ու տարեց քաղաքացիների համար կառավարությունը տնային ռեժիմ է սահմանել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը անընդհատ կոչ է անում պատվաստվել, իրականացվում են պարտադրանքի միջոցներ, մարդկանց ստիպում են, որպես այլընտրանք, 14 օրը մեկ ՊՇՌ տեստ ներկայացնել աշխատավայր, խոսվում է, որ այդ ժամկետը կարող է կրճատվել, լուրեր կան, որ այլ սահմանափակումներ են մտցվելու: Այո, քովիդի դեմ պայքարում առ այսօր գիտությունը այլ բան չի առաջարկում, քան պատվաստումն է, այստեղ քննարկելու բան չկա: Բայց ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացը խթանելու, առավել ևս՝ կազմակերպելու առումով: Բացարձակ ոչինչ: Նույնիսկ բացօթյա «ակցիաները», տոմսերի անհեթեթ խաղարկությունները ոչինչ չեն տալիս: Բանն այն է, որ այն, ինչ այս օրերին կատարվում է հատկապես պոլիկլինիկաներում, նաև այլ բուժհաստատություններում, այլ կերպ դժվար է որակել, քան խայտառակություն: Մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել, ընդ որում, «իրար գլխի» խմբված, որպեսզի կարողանան պատվաստվել: Ավելին, որոշ պոլիկլինիկաներում մարդիկ սպասում են դրսում, այնինչ արդեն բավականին ցուրտ է: «Փաստի» լրագրողը զանգահարեց մի քանի պոլիկլինիկա՝ փորձելով հասկանալ՝ կարո՞ղ է հերթագրվել պատվաստման համար, կա՞, արդյոք, նման համակարգ՝ օնլայն կամ հեռախոսազանգով: Պատասխանեցին, որ հերթագրում չկա, ուղղակի պետք է մոտենալ և հերթ կանգնել: Ընդ որում, հատուկ շեշտեցին՝ «կենդանի հերթ»: Ստացվում է, որ մարդը պետք է աշխատանքից, դասերից կտրվի, ժամերով հերթ կանգնի պատվաստման համար: Ի դեպ, հետաքրքիր է՝ առողջապահության նախարարությունը ուսումնասիրե՞լ է, թե մեր քաղաքացիներից քանիսը առ այսօր չեն պատվաստվել նման անկազմակերպվածության ու քաոսի պատճառով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից մեկը. հազարավոր մարդիկ չեն կարողանա Հայաստանից դեպի Ռուսաստան գնալ, առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի: Երեկ առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ հայտնեցին: Որպես ասածի վկայություն՝ նշվեց նաեւ այն, որ այս պահին Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորսամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերն ու գրանցված մահվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը ոչ թե թեստ տալու եւ քովիդ վարակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու մասին է: Մեզ փոխանցեցին նաեւ, որ խնդիրներից մեկը շարունակում է մնալ պատվաստանյութի հետ կապված ՌԴ-Եվրամիություն հակամարտությունը, ու որ ՌԴ-ն ընդունում է պատվաստանյութերի իր արտադրանքով պատվաստված լինելը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրները չեն ընդունում ՌԴ-ի արտադրանքի պատվաստանյութով պատվաստված լինելը՝ որպես հարցի վերջնական կարգավորում ու լուծում: Նման իրավիճակը կյանքի կոչելու դեպքում մեր առողջապահական համակարգը կարող է կանգնել լրջագույն խնդրի առջեւ, այն է՝ հազարավոր մարդիկ միանգամից կգնան պատվաստման, ու կգոյանան հսկայական հերթեր, քանի որ Ռուսաստանում աշխատելը շարունակում է մնալ մեր հազարավոր հայրենակիցների ապրուստի հիմնական, եթե չասենք՝ միակ միջոցը, ու նման սահմանափակումը կարող է սոցիալական լուրջ ցնցումների հանգեցնել: Թերեւս քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան պատվաստվելը, հակառակ դեպքում անգամ արատագնա աշխատանքով հանապազօրյա հացի համար գումար վաստակելը կարող է դառնալ անհնարին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական մամուլը գրում է, որ 2024 թվականին կավարտվի միութենական միջպետական նոր միավորի` Союз Республик-ի ստեղծումը, որի կազմում են լինելու ՌԴ-ն, ՀՀ-ն եւ Բելառուսը: Այս մասին խոսում են նաեւ ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների շրջանում, որոնք նման թեմայով բաց տեքստով խոսել են նաեւ վերջերս ՌԴ գործուղված հայկական խորհրդարանական պատվիրակությունների մոտ: Ըստ այդմ՝ 2024 թվականին ՌԴ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու: Յուրաքանչյուր պետություն կունենա իր նախագահը, սակայն միութենական միավորը ղեկավար մարմին կունենա, որը կգլխավորի Պուտինը: Նախատեսվում է, որ այս միության մեջ գտնվող երկրներն ունենալու են ընդհանուր ՊՆ բլոկ, արտաքին քաղաքական բլոկ, իրավական եւ տնտեսական միասնական դաշտ, դրամական ընդհանուր միավոր եւ այլն: Միութենական միավորը կառավարվելու է ասամբլեայի՝ խորհրդարանի կողմից: Սա նման է լինելու ԽՍՀՄ գերագույն խորհրդին, սակայն ասամբլեայի անդամների ուղիղ ընտրություններ չեն նախատեսվում: Այս տեղեկությունների եւ մեր երկրում կատարվող փոփոխությունների համադրումից, հատկապես այն փաստից, որ հայկական անձնագրերը տրվելու են երկու տարի ժամկետով, համոզվում ենք, որ ժամկետով ամեն ինչ համընկնում է 2024 թվականի հետ: Արդյունքում կստացվի, որ 2018-ին գալով իշխանության՝ ընդամենը 6 տարում Նիկոլ Փաշինյանը կոչնչացնի մեր ինքնիշխանությունը եւ մեզ կվերադարձնի սովետական «պայծառ» ապագա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին ակտիվ խոսակցություններ են տարածված ՔԿՀ-ներում այն մասին, որ արդարադատության նորանշանակ նախարարը նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբին համաներում կհայտարարի: Ի դեպ, ըստ լուրերի, այս համաներումը կապ չունի զինվորականների համաներման հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արդարադատության նախարարություն, որտեղից ասացին, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։ Կոմիտեն իր առաջարկի նպատակ է ներկայացնում պատերազմի օրերին Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը եւ ընդգծում՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»: Թեեւ վիճակագրություն չի նշվում, ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության՝ անցյալ տարվա հոկտեմբերի 31-ի որոշումը Հայաստան ժամանող քաղաքացիներին խիստ զայրացրել է: Տեղեկացնենք, որ, ըստ այդ որոշման, «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց րոպեներ անց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները քաղաքացիներին պարտադրում են կորոնավիրուսի ՊՇՌ տեստ հանձնել հենց օդանավակայանում տեղակայված լաբորատորիաներում: Լաբորատորիաները մի քանիսն են, որոնք ՊՇՌ թեստի հետազոտության համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Նրանք կառավարության այս որոշումը համարում են անարդյունավետ, որովհետեւ այս ճանապարհով հաստատ հնարավոր չէ պայքարել կամ կանխել կորոնավարակը: Ամենից շատ քաղաքացիներին զայրացնում են լաբորատորիաները, որոնք օդանավակայանում են տեղակայված, եւ թեստ հանձնելու համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ, իսկ պատասխանը տրամադրում են մեկ կամ երկու օր անց: Կան քաղաքացիներ, որոնք պատասխանը ստացել են երեք օր հետո: Սրան զուգահեռ նկատենք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում. քաղաքացիների մի մասն առանց դիմակ է, կամ էլ այն ծնոտի տակ է, սոցիալական հեռավորություն ընդհանրապես չի պահպանվում, երկար հերթեր են, բոլորն իրար կպած են կանգնած: Մինչեւ ՊՇՌ թեստի պատասխանը ստանալը նրանք օդանավակայանից դուրս են գալիս, շփվում հարազատների, ընտանիքի անդամների հետ. կա՛մ վարակվում են, կա՛մ էլ վարակում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը օդանավակայանից հետաքրքրվեց՝ հնարավոր է այս որոշումն առաջիկայում չեղարկվի, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ընկերության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ, ոչ, այս պահին նման հրահանգ չկա: Ասել է թե՝ կառավարությունը, մի կողմից, քաղաքացիներին հորդորում է հակահամաճարակային կանոնները պահպանել, մյուս կողմից՝ անարդյունավետ պայքար տանում վիրուսի կանխարգելման դեմ:


«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես «պիկ» ժամերին: Հետաքրքիր է, որ առանձին փողոցներ հայտնի են առավել մեծ ու «մշտական» խցանումներով, այսինքն, որոշակի ուսումնասիրության կարիք կա, թե ինչու են հատկապես այդ հատվածներում առաջանում լուրջ խցանումներ: Մյուս կողմից՝ երեկ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ թեկուզ միայն հանրակրթական դպրոցների արձակուրդները էապես թեթևացնում են երթևեկությունը մայրաքաղաքում: Փաստացի արձակուրդների առաջին իսկ օրը, կարելի է ասել, էական խցանումներ չկային: Այս հանգամանքը նորից մտորելու տեղիք է տալիս, թե միգուցե արժե վերադառնալ առաջարկին, որ դպրոցների, բուհերի դասերի սկիզբը զգալիորեն տարբերվեն միմյանցից, ինչպես նաև պետական հիմնարկների աշխատանքային ժամերից: «Վարորդի ընկեր»ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ժամանակին Ճանապարհային ոստիկանությունը նախագիծ ուներ, որտեղ գրված էր, որ դպրոցների և բուհերի դասերի ժամերի փոփոխությունը կարող է որոշակիորեն մեղմել խցանումների հետ կապված իրավիճակը: «Դա իրոք այդպես է: Բայց այս դեպքում այլ խնդիր կա. շատերն իրենց երեխաներին դպրոց են տանում և հետո գնում աշխատանքի: Եթե արտասահմանյան երկրների օրինակով մեզ մոտ էլ դպրոցները երեխաներին տեղափոխող ավտոբուսներ ունենային, ԿԳՄՍ-ն նման նախաձեռնություն կյանքի կոչեր, հնարավոր է նաև այդ կերպ խցանումները մեղմվեին: Հակառակ դեպքում ծնողների աշխատանքի և երեխայի դասերի սկսվելու ժամերը անհամատեղելի են լինելու, և խնդիր է առաջանալու: Բացի դա, ներկայումս քաղաքային տրանսպորտը նորմալ չի շահագործվում, որ դրանով ծնողը երեխային դպրոց ճանապարհի: Կստացվի, որ մի խնդիր լուծելով՝ մեկ ուրիշ խնդրի առջև կկանգնենք»,-ասում է Քեյանը: