Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ է կամ մոլորեցնում է մարդկանց. տնտեսագետ
Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ է կամ մոլորեցնում է մարդկանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ներկայացնելով փաստեր.
"ՓԱՍՏ 1․ Տնտեսությունը կանխատեսածից ավելի արագ չի աճել․ 2021 թվականի պետական բյուջեի համաձայն՝ այս տարվա ընթացքում տնտեսությունը պետք է աճեր 4,8 տոկոսով, այն դեպքում, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 4,4 տոկոսով, այսինքն՝ կանխատեսվածից 0,4 տոկոսով ավելի քիչ տնտեսական աճ ունենք։
ՓԱՍՏ 2․ 2021 թվականի սեպտեմբերին 11,9 տոկոսով միջին աշխատավարձը չի աճել․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսին հավաքագրվել է 36,818 մլրդ դրամի եկամտային հարկ, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավել է 946 մլն դրամով կամ 2,6 տոկոսով։ Աշխատավարձերի 11,2 տոկոս աճի պայմաններում աշխատավարձերից պահվող եկամտային հարկից ավելի մեծ մուտքեր կլինեին։
ՓԱՍՏ 3․ Արտահանումը չի աճել է ավելի քան 20 տոկոսով․ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 17,2 տոկոսով, ընդորում՝ այդ աճը հիմնականում ապահովել է հանքահումքային ապրանքները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն։
ՓԱՍՏ 4․ ՀՀ կառավարությունը ձախողել է գյուղատնտեսական ծրագրերը․ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղտնտեսության ոլորտն անկում է գրանցել 1,5 տոկոսով։ Կրճատվել է խոշոր անասուների գլխաքանակը։
Հ․Գ․ Եթե շարունակվի կորոնավիրուսի տարածման այս տեմպը և պատասխանատու մարմինների անգործությունը, ապա այս տարի ավելի ցածր տնտեսական ցուցանիշներ կունենանք, քանի որ Հայաստանը պարտադրված կգնա տնտեսական գործունեության սահմանափակումների (LockDowns)",- գրել է տնտեսագետը:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ 2022 թվականի համար կառավարությունը նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ.
"Չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով՝ մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները",- ասել էր ՀՀ վարչապետը: