25.11.2024
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ
prev Նախորդ նորություն

Գերեզմանատան վարիչը շուրջ 1,5 մլն դրամ կաշառք է պահանջել և ստացել․ ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում պարզել են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաև գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.420.000 ՀՀ դրամ կաշառք:


Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:


Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պաշտոնատար անձանց կողմից կատարված նույնաբնույթ այլ դեպքերը հայտնաբերելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանքների կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են գերեզմանատան վարիչը և հսկիչը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է:


Հարկ է ընդգծել, որ միայն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար որպես պատիժ օրենսդիրը նախատեսել է ազատազրկում յոթից տասներկու տարի ժամկետով: