13.10.2024
Արտակ Բեգլարյանը Մոսկվայից մեկնել է ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Միջանցքի մասին Բաքվի հայտարարությունները դուրս են պայմանավորվածություններից. ԱԽ քարտուղար

Տարածաշրջանում սահմանների ապաշրջափակումը տեղի կունենա արդեն գոյություն ունեցող հաղորդակցության ուղիների՝ ճանապարհների եւ երկաթուղային հաղորդակցության շրջանակներում: Այս մասին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման մասին։


Նրա խոսքով, անցած հանդիպումը, ինչպես նաեւ աշխատանքային խմբի կատարած ողջ աշխատանքը, հիմք եւ հնարավորություն է ստեղծել առաջ շարժվելու համար: «Աշխատանքային խումբը հետևողական աշխատանք է տանում։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ և որոշակի հստակություն է մտցվել սահմանի ապաշրջափակման տրամաբանության վերաբերյալ։ Հույս ունենք, որ այդ ուղղությամբ առաջ շարժվելու հնարավորություն կա», - ասել է Գրիգորյանը։


Դրա հետ մեկտեղ, ԱԽ քարտուղարը նշել է, որ ադրբեջանական կողմի որոշ հրապարակային հայտարարություններ չեն համապատասխանում այդ քննարկումների տրամաբանությանը: Մասնավորապես, խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Նա ընդգծել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում «միջանցքի տրամադրման տրամաբանության մեջ ոչ մի հարց չի քննարկվում», եւ դա հաստատել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետը:


«Մենք երբեք չենք քննարկել, չենք քննարկել և մտադիր չենք քննարկել միջանցք տրամադրելու հարցը։ Աշխատանքային խումբը ձևավորվել է տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր նախապատրաստելու նպատակով։ Ոչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ոչ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք տրամադրելու մասին դրույթ չկա։ Ադրբեջանի նման հայտարարությունները դուրս են բոլոր պայմանավորվածությունների շրջանակներից։ Այդ հայտարարությունները չեմ կարող իրականացվել, քանի որ այդ հարցով որևէ պայմանավորվածություն չկա», - հայտարարեց նա՝ հավելելով, որ ի տարբերություն «Զանգեզուրի միջանցքից» Լաչինի միջանցքի հարցն այդ հայտարարություններում ամրագրված է։


Գրիգորյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ Զանգելանում լոգիստիկ կենտրոնի ստեղծումը տեղավորվում է Սյունիքի տարածքով միջանցքի տրամաբանության մեջ: «Այժմ բանակցություններ են ընթանում արդեն գոյություն ունեցող հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Նաև խոսվում է նոր հաղորդակցությունների կառուցման մասին, իսկ ավելի ճիշտ՝ խոսքը գնում է տվյալ փուլում առկա, բայց ոչ պիտանի հաղորդակցությունների վերականգնման մասին։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կամ հաղորդակցության ապաշրջափակումը տեղի կունենա Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների լիարժեք օգտագործման շրջանակներում, կամ այն ընդհանրապես չի լինի:


Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք կկառուցվեն նոր ենթակառուցվածքներ, Գրիգորյանը նշել է, որ ներկայումս քննարկվում է արդեն գոյություն ունեցող հաղորդակցությունների շահագործման հնարավորությունը, որպեսզի արագացվի ապաշրջափակման գործընթացը: Ինչ վերաբերում է նորերի կառուցմանը, ապա հեռանկարում դա նույնպես կարող է տեղի ունենալ։ «Լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծումը հնարավորություն է ինտենսիվացնել սահմանների ապաշրջափակումը, գործընթացին ավելի լայն համատեքստ հաղորդել», - եզրափակել է նա:


 


 

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 2146 նոր դեպք և 47 մահ մեկ օրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ