25.11.2024
Ի՞նչ անել, եթե հոկտեմբերի 1-ից վիզայի ժամկետը լրացել է. ԱՄՆ դեսպանություն
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևոր գործընկեր է. իտալական մամուլը՝ ՀՀ նախագահի առաջին պետական այցի մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն կատարած պետական աննախադեպ այցը լայնորեն լուսաբանվել է իտալական, ինչպես նաև միջազգային զանգվածային լրատվության միջոցների կողմից:


Լրատվամիջոցները հատկապես ընդգծել են այն փաստը, որ սա Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում պետական առաջին այցն է Իտալիա:


Մասնավորապես, իտալական AskaNews-ը նշել է, որ նախագահ Սարգսյանի «պատմական այցն իրականացվել է Հայաստանի անկախության 30-րդ տարում»:


«Հայաստանը կարևոր գործընկեր է». Իտալիայի նախագահի այս խոսքերով է հեղինակավոր Agenzia Nova լրատվական գործակալությունն անդրադարձել երկու երկրների նախագահների միջև հանդիպումներին հաջորդած՝ մամուլի համար հայտարարություններին:


Agensir գործակալությունը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչած հայտարարություններին: «Մենք հավատում ենք, որ կարևոր է վստահել Մինսկի խմբի և համանախագահների գործողություններին՝ գտնելու խնդրի գոհացնող և հիմնավոր, բանակցային լուծման տարբերակը»,- նախագահ Մատարելլայի այս խոսքերն է մեջբերել լրատվամիջոցը:


Միլան քաղաքի հայտնի պարբերականներից մեկը՝ Mi-lorenteggio-ն, ևս լուսաբանել է նախագահների հանդիպմանը հաջորդած հայտարարությունները: Մասնավորապես, մեջբերելով Մատարելլայի հնչեցրած խոսքերը, լրատվամիջոցն արձանագրել է, որ՝ «Հայաստանն ու Իտալիան կարող են հպարտանալ մեծ ու ավանդական բարեկամական հարաբերություններով, որոնք աչքի են ընկնում շփումների ու համագործակցության բարձր մակարդակով»:


Իսկ Vivere Roma-ն նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը հերթական անգամ դրսևորվեց կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ Հայաստանի նախագահն առաջիններից մեկը զանգահարել էր նախագահ Մատարելլային:


Իտալական AskaNews և Today գործակալությունները նաև լուսաբանել են Իտալիայի նախագահական Քուիրինալե պալատում հայ գեղանկարիչների կտավների ցուցադրության բացումը, որին ներկա են գտնվել նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան:


Պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի ընդունելությունը ևս լայնորեն լուսաբանվել է իտալական հայտնի հեռուստաընկերությունների ու լրատվական գործակալությունների կողմից, որոնց շարքում են Corriere della Sera-ն, La Sicilla-ն և այլ լրատվամիջոցներ:


Նույն օրը նախագահ Սարգսյանն այցելել էր Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկը՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարան: Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային հարթակը՝ Uniroma-ն, կարևորել է ՀՀ նախագահի այցը համալսարան, քանի որ հենց այս այցի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է Լա Սապիենցա համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին և ստորագրվել է համապատասխան հուշագիր:


Աշխարհի հնագույն համալսարաններից մեկի՝ Բոլոնիայի համալսարանի պաշտոնաթերթը լայնորեն լուսաբանել է նախագահ Սարգսյանի այցն այդ բարձրագույն ուսումնական հաստատություն: Արձանագրվել է, որ ՀՀ նախագահին շնորհվել է կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալը, որին մինչ օրս արժանացել են քաղաքականության, գիտության և մշակույթի ոլորտներում գործունեություն իրականացրած ականավոր դեմքեր:


Նախագահ Սարգսյանն Իտալիա կատարած պետական այցն ամփոփել է Agenzia Nova-ին տված հարցազրույցում՝ մասնավորապես նշելով, որ «այցի նպատակն էր զարգացնել հայ-իտալական հարաբերություններն ու դրանք բարձրացնել նոր մակարդակի»: Խոսելով այցի ընթացքում տեղի ունեցած բարձրաստիճան հանդիպումների մասին՝ Հայաստանի նախագահն արձանագրել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ջերմ ու բարեկամական հարաբերություններ, և այսօր էլ կա երկկողմանի կամք՝ անելու ավելին: Նա մասնավորապես նշել է, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն իրականացնել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական տնտեսական կապերին ու համագործակցությանը, առկա հարաբերություններն ընդլայնելու ներուժին, ինչպես նաև Հայաստանում հետպատերազմյա իրադրությանը, հարևան երկրների հետ հարաբերություններին ու տարածաշրջանային հնարավոր զարգացումներին:


Հայաստանի նախագահի պետական այցին անդրադարձել է նաև Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ NNA-ը, նշելով, որ սա Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում իրականացված առաջին պետական այցն է Իտալիա: