Ընտրությունները վերահաստատեցին Արցախի ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը. ՄԻՊ
Հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
"2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիայից հետո սա Արցախում կազմակերպված առաջին ընտրական պրոցեսն է։ Այն առանձնահատուկ կարևորություն ունի այն իմաստով, որ վերահաստատում է Արցախի ժողովրդի հավատարմությունը սեփական ճակատագիրը տնօրինելու՝ անկախությունից ի վեր որդեգրած ժողովրդավարական ճանապարհին՝ երաշխավորելով միջազգային կոնվենցիաներով և ներպետական օրենդրությամբ ամրագրված մարդու կարևորագույն քաղաքական իրավունքներից մեկը՝ ընտրական իրավունքը։
Արցախյան շարժումը, Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, պետականաշինության 30-ամյա ճանապարհը բյուրեղացրել են մեր ժողովրդի հանձնառությունը՝ առաջնորդվելու ժողովրդավարական արժեքներով և մարդու իրավունքների լիակատար հարգման և պաշտպանության օրակարգով",- գրել է Ստեփանյանը։