23.11.2024
Բարի գալուստ «Հայաստան» միջանցք. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Իրանը դիմադրելու է. իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է. Փույա Հոսսեյնի

Տարածաշրջանում լարվածությունը կտրուկ աճել է, իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին:


«Շատ պայթյունավտանգ է, կարող է մեծ հրդեհ բռնկվել տարածաշրջանում, բայց Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան հենց դրա համար է, փորձում են դիվանագիտական ձևով Ռուսաստանի միջնորդությունով լարվածությունը թուլացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը փորձում է Ադրբեջանին օգտագործել Իրանի դեմ:

«Բայց ոչ միայն Ադրբեջանը, այլև այլ երկրներ են այդ շարքում: Վերջերս Իսրայելը և ԱՄՆ-ը մի ծրագիր են սկսել իրար հետ, որը կոչվում է «Հազար դաշույն»: դա Իրանի դեմ է, որ բազմաթիվ միջոցներով Իրանին վնասեն՝ հարևան երկրների միջոցով, և Իրանը մեծ վտանգ է տեսնում: Իսրայելը հիմա գործում է Ադրբեջանի միջոցով: Իրանը ուլտիմատում է դրել Ադրբեջանի դիմաց, որ՝ ուղղությունը հստակ ցույց տա՝ կամ Իրանի կողմից է, կամ Իսրայելի: Ադրբեջանը կանգնած է ընտրության առաջ», - ասել է Հոսսեյնին:


Փորձագետի կարծիքով, տարածաշրջանում սահմանների փոփոխության վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը վերաբերում է Սյունիքին և Ադրբեջանի կողմից հայտարարված «Զանգեզուրի միջանցքին»:


«Իրանն ուզում է, որ Ռուսաստանն ավելի ակտիվ աշխատի և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին: Իրանը փորձում է ավելի ակտիվ դեր ստանձնել Անդրկովկասում և թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա»,- ընդգծեց նա:


Անդրադառնալով Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմի՝ «տարածաշրջանի տարանցման քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու» մասին հայտարարության՝ Փույա Հոսսեյնին նկատեց, որ Իրանն ամեն կերպ դիմադրելու է իրեն շրջափակելու փորձերին:


«Մյուս կողմը փորձում է Իրանին շրջափակման մեջ գցել, փակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան, աղքատացնի Իրանի գեոպոլիտիկ դերը տարածաշրջանում, և Իրանը ամեն գնով դիմադրելու է: Իրանն իր ճանապարհը դեպի Եվրոպա Հայաստանի միջոցով ամեն կերպ կպահպանի: Դրանից բխում է Հայաստանի շահը, Իրանի շահը, ինչո՞ւ չէ՝ Չինաստան, Հնդկաստան: Մեծ ծրագիր է Պարսից ծոց-Սև ծով ծրագիրը, որը ևս փորձում են խոչընդոտել, բայց Իրանը ամեն ձևով այն պահելու է»,- ասել է նա: