Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ ձգտում առճակատման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունաստանի եւ մեր հարեւան Թուրքիայի միջեւ տարբեր տեսակետներ կան։ Հունաստանը մշտապես հավատարիմ է եղել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին եւ մնում է ամուր կողմնակից այն բանին, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան: Հենց ՄԱԿ-ի Կանոնադրությունը արգելում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը: Սակայն 1995 թվականից ի վեր Հունաստանը բախվում է պաշտոնական, պարբերաբար վերականգնվող եւ ակնհայտ անօրինական եւ անընդունելի սպառնալիքի Թուրքիայի կողմից ուժի կիրառման, որը հայտնի է որպես casus belli (պատերազմի առիթ)»,- հայտարարել է Միցոտակիսը:
Թուրքիան 1995 թվականին Հունաստանում ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի վավերացման ժամանակ հայտարարել է, որ եթե Հունաստանն այդ կոնվենցիային համապատասխան իր տարածքային ջրերն ընդլայնի 6-ից մինչեւ 12 ծովային մղոն, ապա դա կլինի Թուրքիայի ինքնիշխանության խախտում եւ պատերազմ հայտարարելու առիթ կդառնա՝ casus belli:
«Ծովային տարածքների սահմանազատման հետ կապված վեճերը, անկախ դրանց բարդությունից եւ տեւողությունից, կարող են լուծվել այն պայմանով, որ մենք պայմանավորվենք կանոնների միասնական շրջանակի մասին: Եվ կանոնների միակ մատչելի հավաքածուն միջազգային ծովային իրավունքն է», - ասել է Միցոտակիսը։
Նա նաեւ հայտարարել է, որ Հունաստանն ու Թուրքիան կարող են շատ բան անել միասին։
«Ես պակաս լավատես եմ Կիպրոսի հարցում։ Ափսոսանքի արժանի է, որ Թուրքիան շարունակում է անտեսել ՄԱԿ-ի մի շարք բանաձևեր, այդ թվում՝ 541 և 550, և պնդում է կղզու ռազմականացումը։ Նա շարունակում է ապօրինաբար խախտել Կիպրոսի ծովային գոտիներն ու օդային տարածքը և խախտում է Վարոշիի փակ շրջանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը», - ասել է նա։
Միցոտակիսը հայտարարել է, որ Կիպրոսի խնդրի կենսունակ լուծում կարող է գտնվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա, որոնք երկզոնալ, երկհամայնքային ֆեդերացիայի հիման վրա փոխադարձ ընդունելի կարգավորման կոչ են անում՝ քաղաքական հավասարության, միասնական ինքնիշխանության, միասնական միջազգային իրավունքի եւ միասնական քաղաքացիության հիման վրա:
«Երկու պետությունների ստեղծման ճանապարհով լուծման մասին ցանկացած խոսակցություն ուղղակի անթույլատրելի է», - ընդգծել է Հունաստանի վարչապետը: