Սյունիքի մարզպետի՝ հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է
Սեպտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Կայքի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
2021թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նա մինչ օրս հետախուզման մեջ էր:
Միջադեպի մի կողմում Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ կրակոցների արդյունքում վնասվածքներ են ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։