ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը շատ կտրուկ է արձագանքել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին ուղղված ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի», - այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ իր ելույթում քննադատել էր սպարապետ Վազգեն Սարգսյանին:
«Մարդ պետք է մի հատ հետահայաց նայի իր անցած ուղուն, ճանապարհին, նոր Վազգեն Սարգսյանին քննադատի», - ասել է Սասուն Միքայելյանն ու հիշեցրել, որ Վազգեն Սարգսյանը կարողացավ ազատագրել 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
«Ոչ թե մենակ ինքը, ազգովի, բայց ինքը այն ժամանակ կարողացավ համախմբել տարբեր հետաքրքրություն ու շհեր ունեցող անձանց, եւ մենք կարողացանք ազատագրել Արցախն ու ընդլայնել մեր երկրի սահմանները»,-ասաց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ շաբաթներ առաջ լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը խոսել էր 90-ականներին Վազգեն Սարգսյանի թույլ տված սխալների մասին: Գործարարը, փաստացի, հանգուցյալ վարչապետին մեղադրել է ռազմական հեղաշրջում կատարելու եւ բանակին քաղաքականության մեջ միջամտելու մեջ ։
Ըստ մամուլի հրապարակումների՝ գործարար պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի կտրուկ արտահայտությունները հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի հասցեին առաջացրել են նաեւ խմբակցության գործընկերների զայրույթն ու վրդովմունքը:
«Այդ հայտարարություններից հետո Սուքիասյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների միջև շատ կտրուկ խոսակցություն է տեղի ունեցել։ Պատգամավորին հասկացրել են, որ մտադիր չեն աչք փակել նման հարձակումների վրա, և որ նա պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում «սրբագրի» իր արտահայտությունները», - նշում են ԶԼՄ-ները: