25.11.2024
Մհեր Գրիգորյանը խոսել է թվայնացման և նոր տեխնոլոգիական կարգին անցնելու կարևորության մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում կոմունիկացիաների ապաշրջափակումից ՀՆԱ-ի 30% աճ են կանխատեսում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն էապես կբարելավի հնարավորությունները և թույլ կտա Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) երկու տարվա ընթացքում ավելացնել 30 տոկոսով։


Սեպտեմբերի 20-ին «Ռուս-հայկական բիզնես-երկխոսություն» համաժողովի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարար Վահան Քերոբյանը ճշգրտեց, որ ՀՆԱ-ի 30 տոկոս աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն տարածաշրջանում հաղորդակցության բոլոր ուղիները Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև:


«Հաշվարկված է, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոս աճին: Սա ոչ միայն մեր, այլ միջազգային գործընկերների, այդ թվում Համաշխարհային բանկի բանկի ու Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություներն են»,- նկատեց Վահան Քերոբյանը:


Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, նախարարի խոսքով, «էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի այն նախաձեռնությունները, որոնք մենք քննարկում ենք այստեղ»՝ հայ-ռուսական համաժողովի շրջանակում։


Իր հերթին Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտնեց, որ փոխադարձ առևտրի արգելքները վերացնելու համար այժմ վերակառուցվում են Վերին Լարսի ենթակառուցվածքները։


«Մինչև 2022-ի կեսերը կավարտվեն մարդատար ավտոմեքենաների մասով ենթակառուցվածքի վերակառուցումը Վերին Լարսի անցակետում: Տարվող աշխատանքների արդյունքում մինչև 2022-ի վերջը թողունակությունը Վերին Լարսում օրական 6,5 անգամ կավելանա՝ հասնելով 2 650 բեռնատար ավտոմեքենա՝ մինչև 3 հազար ավտոմեքենա ընդլայնելու հնարավորությամբ»,- ասաց Վոլվաչը։


Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են հասնել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերով, հաղորդակցությունների ապաշրջափակումը դրական արդյունք կտա, սակայն հաղորդակցությունների բացման արդյունքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի ճշգրիտ ծավալներ կանխատեսելը դեռ վաղ է:


Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում:


Համանախագահներն են երեք երկրների փոխվարչապետները, նրա գործառույթների մեջ մտնում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնումն ու շինարարությունը, որոնք անհրաժեշտ են միջազգային փոխադրումների կազմակերպման համար: