24.11.2024
Գորիս-Կապան ճանապարհի կարգավիճակը մտահոգիչ է, բայց մենք կյանքը չենք կանգնեցնելու. Քերոբյան
prev Նախորդ նորություն

COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները հակասում են աշխատանքային օրենսգրքին. կարծիք

Առողջապահության նախարարի որոշումը հակասում է Հայաստանում գործող աշխատանքային օրենսգրքին, գործատուն իրավունք չունի աշխատանքից հեռացնել իր աշխատակիցներին ՊՇՌ-թեսթի կամ պատվաստման վկայականի բացակայության դեպքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Աշխատանք կամ պատվաստում. Ի՞նչ կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանը։


«Նույն հաջողությամբ նախարարը կարող է որոշել, որ բոլորը պետք է գլխարկներ կրեն և ինչ։ Նախարարի որոշումները չպետք է հակասեն գործող օրենքներին և մարդու իրավունքներին։ Հիշեցնեմ, որ Նյուրնբերգյան օրենսգրքի համաձայն՝ մարդու մարմնի հետ կապված ցանկացած մանիպուլյացիա պետք է իրականացվի նրա համաձայնությամբ», - հայտարարեց Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ նախարարի ներկայացրած որոշումը նախատեսում է աշխատանքի կորստի հնարավորություն, ուստի պատվաստումը չի կարող դիտարկվել որպես կամավոր գործողություն։


Նա նշել է, որ որպես այլընտրանք առաջարկվում է ամիսը երկու անգամ հանձնել ՊՇՌ-թեստ, իսկ դա կարժենա ամսական մոտ 30 հազար դրամ: «Ռեստորանային բիզնեսում աշխատում են տասնյակ կանայք, որոնք վաստակում են միջինը 70 հազար դրամ։ Չի կարելի նրանցից պահանջել ամսական 30 հազար դրամ ծախսել թեստերի վրա», - վրդովվեց Բարսեղյանը։


Նա ընդգծել է, որ արդյունավետ կազմակերպված աշխատանքի փոխարեն առողջապահության նախարարությունն առաջին անգամ չէ, որ անարդյունավետ և անտրամաբանական քայլեր է ձեռնարկում, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ «Անցյալ տարի զգալի միջոցներ են ծախսվել հյուրանոցներում կոնտակտավորների մեկուսացման ապահովման համար։ Հետո ծախսվել է մոտ 500 հազար դոլար սեփական թեստերի մշակման համար, որը մենք այդպես էլ չտեսանք», - հիշեցրել է Բարսեղյանը։