VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը երեկ խորհրդարան էր այցելել, նիստերի դահլիճի հարակից սրահներից մեկում նա հանդիպման էր։ Ու չնայած լրագրողներից ոմանք իրենց աչքով տեսել էին Ալեն Սիմոնյանին եւ Փաշինյանի նախկին խոսնակ Կարապետյանին միասին քայլելիս, սակայն ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ նախագահը պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպում որևէ մեկի հետ չի ունեցել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Կարապետյանի հանդիպումը կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ: Հիշեցնենք․ մամուլում գրվել է, որ Վլադիմիր Կարապետյանը եւ նրա կինը Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի ուղիղ կապն իրականացնողներն էին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր դեմքով չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կլինեն թեկնածուներ, որոնց հայտարարությամբ աջակցություն կհայտնեն՝ երեկ ասաց դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Սակայն այս պահվածքն ընկալվում է այլ կերպ, թե դաշինքում կարծում են, որ ճիշտը «Հայաստան»-ով չառաջադրվելն է, որպեսզի չվանեն ընտրողներին, որոնք հատկապես ՏԻՄ ընտրություններում առաջնորդվում են ծանոթ-բարեկամ-հարեւան սկզբունքով, իսկ «Հայաստան» դաշինքն ասոցացվում է իշխանությունների թիվ մեկ թշնամի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նրանց դեմ կրկին չագուճի հակաքարոզ կիրականացվեր։ Արդյունքում` Գորիսում Առուշ Առուշանյանն առաջադրվելու է «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքով, Գյումրիում Կարապետ Պողոսյանը՝ «Թասիբով Գյումրի» կուսակցությամբ: Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իսկապես դաշինքով առաջադրումներ չեն լինի, իրենք հայտարարություններով կաջակցեն այս կամ այն թեկնածուին, սակայն չհամաձայնեց, թե խնդիրը ՀՀ երկրորդ նախագահն է։ Ասաց, որ տարածքային կառույցներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում կառույցների անդամներն առաջարկել են չքաղաքականացնել ՏԻՄ ընտրությունները, որի ժամանակ «տոհմացեղային» կապերն են գործում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենք չեն մասնակցելու հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԼՀԿ-ն ինտենսիվորեն զբաղված է կուսակցության կառուցվածքային թարմացմամբ, հանրապետության ողջ տարածքում նոր մարմինների ձևավորմամբ, եղած կառույցների ու, ընդհանրապես, կուսակցության «գույքագրմամբ»: Իհարկե, ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ավանդաբար համարվել են պակաս քաղաքական, ու, որպես կանոն, միշտ էլ քիչ կուսակցություններ են մասնակցել ու մասնակցում դրանց, որոնք հիմնականում դիրքավորվում են՝ նախապատրաստվելով համապետական ընտրություններին: Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ԼՀԿ-ն ու մասնավորաբար կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղաքական ի՞նչ կանխատեսումներ ունեն, ի՞նչ զարգացումներ են սպասում, եթե հաշվի առնենք, որ մի կողմից՝ չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, իսկ մյուս կողմից՝ ԱԺ ընտրություններից ընդամենը 2,5 ամիս անց զբաղված են շատ ակտիվ կուսակցաշինական աշխատանքներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ-ի ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում նրա մերձավորներն են։ Ցուցակում երկրորդը, որը, չի բացառվում, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում փոխքաղաքապետ դառնա, նրա հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը: Ըստ որոշ տեղեկությունների, պատգամավորը փորձել է եղբորը քաղաքապետ դարձնել, սակայն թիմում մերժել են նրա առաջարկը: Հավանաբար, կոմպրոմիսի են եկել, որ նա ավագանու կազմում լինի, ապա փոխքաղաքապետ ընտրվի։ Ցուցակի երրորդ համարը Բաղդասարյանի ընկերուհին է՝ Գյումրու ինֆեկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, վեցերորդը օգնականն է` Քնարիկ Հարությունյանը, ցուցակի չորրորդն էլ Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ Արթուր Պապիկյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում պաշտոնապես չհերքեց նաեւ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որ գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը, ու, ըստ երեւույթին, հենց այդ ուժի ցուցակում էլ ներառված կլինի Գեւորգ Փարսյանը։ «Կապան քաղաքի ընտրությունների հետ կապված ավելի ուշ ու ավելի հանգամանալից հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահի դրությամբ տեղեկություն տարածել ենք միայն Տաթեւ համայնքի մասով։ Հիմա տարբեր քննարկումներ են տեղի ունենում, այդ մասով հետագայում կխոսենք»,- ասաց Շահեն Հարությունյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ Փարսյանի հետ համագործակցել կամ ընտրություններին նրան սատարել ցանկացել է «Հայաստան» դաշինքը, բայց հաշվի առնելով, թե ինչ ուժի հետ է Կապանի քաղաքապետն ընտրությունների գնում, համագործակցության մասին խոսակցությունները դադարել են։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունիքյան «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ Փարսյանի հետ այդ առնչությամբ անգամ խոսակցություն չի ունեցել։ «Դա իր որոշումն է, թե ում հետ է գնում ընտրությունների, ու կտեսնենք՝ նա այդ դաշինքով կարողանալու է անցնել, թե ոչ։ Շատ ավելի կարեւոր հարցերով էինք զբաղված, քան Փարսյանի հետ ընդհանուր եզրահանգման գալը։ Կրկնում եմ՝ դա նրա ինքնուրույն որոշումն է»,- մեզ հետ զրույցում ընդգծեց սյունեցի պատգամավորը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է եւ ուզում է լծվել այդ աշխատանքներին։ «Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով եւ Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ եւ անկաշկանդ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Առուշանյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ Տեղի իրավապահների խոշորացույցի տակ են նաեւ Առուշանյանի այլ մերձավորներ․ ընտրություններից առաջ փորձում են ճնշում գործադրել նրանց վրա, որ բանտում գտնվող Առուշանյանը հանկարծ չվերընտրվի։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ՝ «ամենատարբեր հիմքերով»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկից առաջ իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ որոշել է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարվել: Սպասվում էր, որ այդ հանձնաժողովը ստեղծելու որոշման նախագիծն իշխանությունը կներառեր երեկ սկսված նստաշրջանի օրակարգում, բայց դա ևս տեղի չունեցավ: Բանն այն է, որ ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ կետով ամրագրված է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում քննիչ հանձնաժողովն ստեղծվում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում: Սույն հանձնաժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են բավական սոլիդ, պրոֆեսիոնալ և սկզբունքային անդամներ, որոնք ի պաշտոնե պետք է մասնակցեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ դա, «Փաստի» տեղեկություններով, շատ է անհանգստացնում իշխանություններին: Այս առումով հատկապես ուշագրավ է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի ներկայությունն այդ հանձնաժողովում, որը դեռևս 2020 թ. նոյեմբերի վերջին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում և մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ, իսկ փողոցային բողոքի ակցիաների ժամանակ պահանջում էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Նրա թեկնածությունը «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչը սվիններով ընդունվեց ՔՊ-ականների կողմից, որոնք երեք անգամ մերժեցին Ղազինյանի թեկնածությունը: Փաստորեն, ընդդիմադիրների լուրջ ներկայացվածությունը, մասնավորաբար Ղազինյանի ներկայությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և նրա առաջադրումն ու, ի վերջո, անխուսափելի ընտրությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ստիպեց իշխանությանը վերանայել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իրենց որոշումը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները պատրաստ են, այսպես ասած, գործարքի գնալ եւ ազատ արձակել Հովսեփյանին, եթե վերջինս քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի եւ վերադարձնի պետական բյուջե: Այդ դեպքում չի բացառվում, որ նրա խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով: Ստացվում է՝ գումար՝ ազատության դիմաց: Ամեն դեպքում, իրավապահ համակարգում այս տարբերակն այժմ ամենաքննարկվողն է: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շանթի Յուրայի մտերիմներից մեկն ասաց, որ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված գործարար, Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանն արդեն Հայաստանում չէ՝ նշելով, որ ավելին ասել չի կարող»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։ Նման բովանդակությամբ հայտարարություն տարածել էր ՀՀ ԱԱԾ-ն՝ ասելով, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Սակայն, ըստ էության, այս աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ երեկ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի եւ այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները: «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները երկիր մուտք գործելիս եւ դուրս գալիս ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաեւ պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասված է ադրբեջանական հաղորդագրությունում:
Նշենք, որ ադրբեջանական մի շարք քարոզչամիջոցներ դեռ սեպտեմբերի 11-ին հանդես էին եկել իրանական կողմին հասցեագրված մեղադրական հրապարակումներով՝ կարծես հող նախապատրաստելով այս քայլի համար: Այս կապակցությամբ դեռեւս օգոստոսի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որին փոխանցվել է բողոքի նոտա, եւ ոչ երկիմաստ կերպով ասվել էր, որ Ադրբեջանը մտահոգված է իրանական կողմի այդ գործողություններով: Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ ուղիղ մեղադրանքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների հասցեին, որոնք կա՛մ չեն տիրապետում իրավիճակին Լաչինի միջանցքում (ինչն ադրբեջանցիները քիչ հավանական են համարում), կա՛մ «այդ ամենը» տեղի է ունենում նրանց լռելյայն համաձայնության ներքո: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ սրանք տեղային դրվագներ են, որոնք կարող են կրկին տեղի ունենալ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հարցերը լուծված չեն։ «Արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ, սակայն սա արդեն այլ հարց է եւ կապված է սահմանագծման աշխատանքների հետ: Նրանք արդեն չեն կարող լուծել Արցախի սահմանների հարցը եւ որոշել են սահմանների որոշման աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ», – նշեց Եվսեեւը: Նրա խոսքով՝ Իրանի կողմից հնչող հայտարարությունները եւս պատճառ են դարձել սահմանում այսպիսի իրավիճակի համար: Հավելենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին ԱԱԾ տնօրենին եւ մի շարք պետական այլ գերատեսչությունների ղեկավարներին հրավիրել խորհրդարան, քննարկել հարցը, եւ չնայած իշխանությունների կողմից դրական ազդակներ եղան, սակայն երեկ այդ հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քննարկման ժամանակ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ արցախցիներին հյուրընկալության ծրագիրը դադարել է գործել: «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարության հետքերով գնաց եւ տեղեկացավ, որ ծրագիրն ավարտվել է օգոստոս ամսին, իսկ նորից շարունակելու մասին դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի խոսում այն դադարեցնելու պատճառների մասին: Տեղեկացնենք, որ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական ստանում էին 30 հազար դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար Հայաստանում, իսկ 45 դրամ՝ Արցախում։ Գրանցվելու համար քաղաքացին պետք է դիմեր յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ օգոստոս ամսվա համար գրանցվելու ժամկետներն արդեն ավարտվել են, եւ ծրագիրը դադարել է, չի գործում, շարունակվելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ կառավարությունը, մասնավորաբար առողջապահության նախարարությունը կոշտ մեթոդների են դիմում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն առավել մասսայական դարձնելու համար, այդ թվում՝ փաստացի պարտադրանք են կիրառում աշխատող քաղաքացիների համար, արդեն իսկ պատվաստվող քաղաքացիները մի շարք հարցեր են բարձրացնում, ներառյալ՝ տեխնիկական բնույթի: Մասնավորաբար, քաղաքացիներն ահազանգում են, որ պատվաստվելուց հետո տրվող հավաստագրի վրա բացակայում է QR կոդը, որը նրանք կկարողանան սկանավորել: Իսկ բջջային հավելվածները, այդ թվում՝ ճամփորդելու համար նախատեսված, պահանջում են QR կոդի սկանավորում: «Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը: Նախարարությունից ստացված պատասխանում նշված է. «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից հետո քաղաքացիներին տրամադրվում է պատվաստումային քարտ, որն ունի տեղեկատվական բնույթ և նախատեսված է հաջորդ դեղաչափի ստացման ամսաթվի հիշեցման համար։ Պատվաստման արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) պարունակող պատվաստման սերտիֆիկատը արտածվում է «Արմեդ» առողջապահության էլեկտրոնային համակարգից, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով և տրամադրվում է պատվաստումն իրականացրած կամ անձի կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ էլ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել, հակառակ դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին ազատել աշխատանքից: Սա առողջապահության նախարարի հրամանն է, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: Աուդիտորների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սերգեյ Ամիրխանյանը նշում է. «Այն իրավանորմերը, որոնց հղում է կատարել առողջապահության նախարարն այդ ենթաօրենսդրական ակտն ընդունելու համար, իրեն իրավասություն չեն տվել նշված իրավակարգավորումները նախատեսելու: Զուտ մեկ դիտարկում, որով կփորձեմ հիմնավորել իմ դիրքորոշումը: ՊՇՌ թեստի կամ պատվաստման առկայությունը ոչ այլ ինչ է, քան բժշկական պարտադիր զննություն կամ բժշկական ազդեցություն, այսինքն՝ բժշկական միջամտություն, որը նախատեսված է «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքով, որի 25-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բժշկական միջամտությունից օգտվելը մարդու իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Նշված է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի գրավոր հրաժարվել բժշկական միջամտությունից, իսկ դրա մեջ մտնում են նաև կանխարգելման համապատասխան միջոցառումները: Հենց միայն այս իրավակարգավորումն ապացուցում է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ նման հրաման արձակել, քանի որ այն հակասում է իր ընդունածից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, որպիսին հանդիսանում է օրենքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը: Ճշտող հարցին՝ ի՞նչ անի աշխատողը, երբ գործատուն իրեն ընտրության առջև կանգնեցնի, Ամիրխանյանն արձագանքում է. «ՀՀ օրենսդրությամբ ներկայումս առկա չէ որևէ իրավակարգավորում, որը իրավունք կտար գործատուին վերը նշված պայմանները չապահովելու դեպքում ազատել աշխատողին աշխատանքից: Հետևաբար, եթե առկա է ապօրինի հրաման գործատուի կողմից, աշխատողն իրավունք ունի այն վիճարկել օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում»,-եզրափակում է Սերգեյ Ամիրխանյանը»: